Նախանշված ծրագրերը կյանքի են կոչվում
2010-06-24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանին: Ա. Աշոտյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին` նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԻԻՀ պատշաճ կազմակերպելու համար` նշելով, որ այն անցել է շատ արդյունավետ, մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել իրանցի գործընկերների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազմակերպվել են այցելություններ Իրանի ուսումնական հաստատություններ:
«Իհարկե, ամենատպավորիչ հանդիպումը ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադի-Նեջադի հետ էր, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր: Հաշվի առնելով, որ կրթության ոլորտում նախարարների միջև հանդիպումներ չեն եղել դեռևս 2007 թվականից, այցը լավ հնարավորություն էր երկու երկրների հարաբերություններին հաղորդել այնպիսի լիցք, որը, համոզված եմ, թույլ կտա ծածկել նախորդ տարիների բացը»,-դեսպանի հետ հանդիպմանը նշել է նախարարը` հավելելով, որ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ամրապնդել կրթության և գիտության ոլորտում համագործակցության իրավական դաշտը, երկրորդ` խթանել բուհերի միջև կապը և հանրակրթության ոլորտում նոր հիմքեր ստեղծել, ինչպես նաև հարթել ՀՀ որոշ բուհերի դիպլոմների ճանաչման խնդիրը; Նախարարը նշել է, որ այցից անմիջապես հետո իրականացվել են մի շարք հետևողական քայլեր` նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ բոլոր առաջարկությունների նախագծերն արդեն առաքվել են իրանական կողմին` այս խնդրում ակնկալելով նաև դեսպանատան հետևողական ուշադրությունը` ոլորտում ձեռք բերված ծրագրերը կյանքի կոչելու հարցում:
Դեսպանն իր հերթին նշել է, որ, իրավամբ, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև առկա է հարաբերությունների նոր մակարդակ և նոր որակ: Պարոն դեսպանը խոսել է բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրերի, գիտահետազոտական ոլորտում նախաձեռնությունների փոխանակման հնարավորության մասին` հաշվի առնելով երկու երկրների ներուժը: Նա տեղեկացրել է, որ Իրանում կազմակերպվում է ամենամյա փառատոն, որի ընթացքում ներկայացվում են ուսանողների նորարական աշխատանքի նմուշներ և գյուտեր, և այս համատեքստում հնարավոր է նաև ՀՀ ուսանողների մասնակցության ապահովումը: Դեսպանն առաջարկել է համագործակցություն նաև հանրակրթության ոլորտում` հաշվի առնելով Իրանի շուրջ 10 մլն դպրոցականների բանակը, ինչպես նաև քննարկել Երևանի դպրոցներից մեկում պարսկերենի խորացված ուսուցում կազմակերպելու խնդիրը;
Ի պատասխան դեսպանի առաջարկներին` նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա է համագործակցության լայն դաշտ, որի համատեքստում Ա. Աշոտյանն առաջարկել է կազմակերպել միջպետական աշակերտական օլիմպիադաներ: Նախարարը խոսել է նաև Թեհրանի պետական համալսարանում հայերենի ուսուցման ամբիոնի բացման, ինչպես նաև Թեհրանի Ազատ համալսարանի և ԳԱԱ մագիստրոսական կենտրոնի միջև ակնկալվող համագործակցության մասին; Անդրադառնալով դիպլոմների ճանաչման խնդրին` նախարարն ընդգծել է, որ համաձայն նախնական պայմանավորվածության` մինչև սեպտեմբեր կկազմակերպվի համապատասխան պատվիրակության այցը Հայաստան: Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ ռեկտորների խորհրդի վերջին նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «Կրթությունը Հայաստանում» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման խնդիրը, և ԻԻՀ-ն կարող է լինել առաջին երկիրը, որտեղ կներկայացվեն ՀՀ կրթական ծառայությունները:












