ՀՀ կրթության և գիտության նախարարության պատասխանը

2010-06-21

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնական պատասխան է ուղարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա Հարությունյանի հարցադրումներին` ՀՀ կրթության ոլորտի օրենսդրության խախտմամբ 2010 թվականի միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած 39 դիմորդների վերաբերյալ:

Պատասխանները ներկայացվում են ըստ հարցերի հաջորդականության.
Հարց 1. Արդյոք դպրոցն օրենսդրության խախտմամբ ավարտելու հանգամանքը չէր կարող պարզ դառնալ բուհ ընդունվելու հայտ ներկայացնելու` համապատասխան փաստաթղթերը հանձնելու փուլում:

Պատասխան. ՀՀ կրթության պետական տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում  10-րդ և 11-րդ դասարանների շուրջ 3500 աշակերտ, իրենց դիմումների համաձայն, տարբեր պատճառներով ազատվել են դպրոցից: Ուսումը համապատասխան դպրոցներում ընդհատած աշակերտների անվանացանկը համադրվել է ԳԹԿ` միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած աշակերտների անվանացանկի հետ, որի արդյունքում պարզվել է, որ նրանցից 39-ը դիմորդներ են, որոնք ազատված են տարբեր դպրոցների 10-րդ կամ «թռիչքով» 11-րդ դասարանների աշակերտական համակազմից: Նրանք ԳԹԿ միասնական քննություններին մասնակցելու հայտագրվածների անվանացանկերում հայտնվել են այլ դպրոցներից: 

Հարց 2. Դպրոցն ավարտելու համար ոՎր դասարանում պետք է ուսումը շարունակեն այդ աշակերտները:

Պատասխան. Ուսումն ընդհատած կամ «թռիչքով» 11-րդ դասարան հրամանագրված և դպրոցի աշակերտական համակազմից հանվածների հետագա ուսումը կկազմակերպվի 12-ամյա կրթական ծրագրերին համապատասխան դասարաններում:

Հարց 3. ԻնչուՎ քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները /ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` հեռախոսազանգերով են տեղյակ պահել այդ մասին/:

Պատասխան. ՀՀ կրթության և գիտության նախարարը բազմիցս իր հրապարակային ելույթներում, մամուլի ասուլիսներում, ինչպես նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր տնօրեններին ու ծնողներին` զերծ  մնալ ապօրինի գործողություններից և տեղեկացրել, որ հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, և իրականացվելու է վերահսկողություն:
Նկատի ունենալով, որ դիմորդներն ուսումն ընդհատած աշակերտներ են եղել,  և նրանց` որպես դիմորդի հայտագրման մասին նախօրոք տեղեկատվություն չի եղել, իսկ նրանց անվանացանկը ճշգրտվել է ԳԹԿ-ում համադրման արդյունքում, ապա ԳԹԿ-ն որպես արագ ծանուցման միջոց ընտրել է հեռախոսակապը:

Հարց 4.  39 աշակերտների էքստեռն փոխադրման քննությունները տեղի են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի` 26.11.2009  թվականի N 949-Ն հրամանից հետո, թե` ոչ:

Պատասխան. 2006 թվականից «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվել է 12 տարի ընդհանուր տևողությամբ միջնակարգ կրթություն, որն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում`  հետևյալ հաջորդական աստիճաններով` տարրական դպրոց` 1-4-րդ, միջին դպրոց` 5-9-րդ, ավագ դպրոց` 10-12-րդ  դասարաններ: Նույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով` 2009-2010 ուսումնական տարվանից անցում է կատարվել եռամյա ավագ դպրոցի, և ավարտվում է 11-ամյա միջնակարգ կրթության տևողությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալ հաստատումները և ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ կետով նախարարությանը վերապահված իրավասություններով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2007 թվականի հունվարի 29-ի  «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2000 թվականի հունվարի 17-ի N 08-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետում կատարվել է լրացում, համաձայն որի` 2009-2010 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում կասեցվել են էքստեռն փոխադրական քննությունները: Այսինքն` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2009-2010 ուստարում չի կազմակերպելու  և անցկացնելու գործող կարգի 6-րդ կետով նախատեսված էքստեռն փոխադրական քննություններ 10-րդ դասարանից 11-րդ դասարան:
Դեռևս 2009-2010 ուսումնական տարվա սկզբին ահազանգեր են հնչել այն մասին, որ հանրակրթական ուսումնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կատարվում են ապօրինի «թռիչքներ»` 9-րդ դասարանն ավարտած աշակերտները հրամանագրվում են 11-րդ դասարանում, որը «Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ կետի` հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան կամ դասարան, պահանջի խախտում է:
ՀՀ կրթության պետական տեսչության կողմից կազմվել և հրապարակվել է խնդրո առարկա հարցի ուսումնասիրության գործողությունների և միջոցառումների ծրագիր, համաձայն որի` հանրապետության հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններից հավաքագրվել են տեղեկություններ աշակերտների շարժի /ընդունելություն, փոխադրում, տեղափոխություն/, ինչպես նաև` 10-րդ և 11-րդ դասարաններում փաստացի սովորողների վերաբերյալ: Ըստ նշված ծրագրի` իրականացվել են նաև փաստաթղթային ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտված «թռիչքներ»-ին տրվել են օրենքով սահմանված կարգով լուծումներ, իսկ բազմաթիվ աշակերտներ իրենց ուսումը կամավոր շարունակել են  համապատասխան դասարաններում:

Հարց 5. Եթե 39 դիմորդներից ոմանք կարողացել են հանձնել միասնական քննություններ, ապա դա չի ժխտում արդյոք էքստեռն կարգով փոխադրվելը մեկ տարով կասեցնելու` նախարարության այն պատճառաբանությունը, որ ավագ դպրոցի եռամյա ծրագիրը հնարավոր չէ յուրացնել  մեկ տարում:

Պատասխան. Նկատի ունենալով, որ 2009-2010 ուսումնական տարվանից անցում է կատարվել եռամյա ավագ դպրոցի, և ավարտվում է 11-ամյա միջնակարգ կրթության տևողությունը, տվյալ դեպքում էքստեռն կարգով փոխադրումը կստացվեր ոչ թե 1, այլ 2 տարով:
Հաշվի առնելով, որ միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում, ուստի միայն միասնական քննություններին մասնակցությունը չի ապացուցում, որ դիմորդը լիարժեք յուրացրել է եռամյա ավագ դպրոցի ծրագիրը: Մասնավորապես, տվյալ դեպքում, հաշվառված չլինելով որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում, նշված 39 դիմորդները չէին կարող մասնակցել մյուս առարկաներից ավարտական պետական քննություններին և ունենալ ամփոփիչ տարեկան գնահատականներ: Արդյունքում` չէին կարող ստանալ միջնակարգ կրթության ատեստատներ և ընդունվել բուհ:

Հարց 6. Արդյոք 39 աշակերտների էքստեռն փոխադրումը տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 29.01.2007 թվականի N 39-Ն հրամանով հաստատված «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելուե կարգի 6-րդ կետի համաձայն, ըստ որի` 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը, և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով: Մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում երաշխավորելու և նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ: Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին (եռօրյա ժամկետում) ներկայացվում է նախարարություն և մարզպետարանի (Երևանի քաղապետարանի) կրթության վարչություն` փոխադրական քննություններ հանձնելու համար: Քննություններն անց են կացվում նախարարի  հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Պատասխան. 2009-2010 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում էքստեռն փոխադրական քննություններ չեն իրականացվել:
Հարկ ենք համարում կրկին նշել, որ հիշյալ 39-ը դիմորդը  2009-2010 ուստարվա ընթացքում ազատված են եղել տարբեր դպրոցների 10-րդ կամ «թռիչքով» 11-րդ դասարան հրամանագրված աշակերտական համակազմից:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքացու, անկախ տարիքից, կրթություն ստանալու իրավունքին,  ապա սահմանված կարգով կազմակերպվել  և անցկացվում են հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան  էքստեռն ավարտական քննություններ:

Հարց 7. ԻնչուՎ պետք է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված սխալների հետևանքով տուժեն աշակերտները, որոնք որևէ իրավական ակտ չեն խախտել:

Պատասխան. Ուսումն ընդհատած կամ «թռիչքով» 11-րդ դասարան հրամանագրված և դպրոցի աշակերտական համակազմից հանվածները կշարունակեն իրենց հետագա ուսումը եռամյա ավագ դպրոցի համապատասխան դասարաններում` առանց որևէ խոչընդոտների, եթե, իհարկե,  կցանկանան: 
Իսկ այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել ՀՀ օրենսդրության խախտումներ, պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:
Ուսումնասիրության վերջնական արդյունքները և դրանցից բխող խնդիրների վերաբերյալ ընդունված համապատասխան որոշումները կհրապարակվեն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։