Քննական մարաթոնը շարունակվում է
2010-06-19
Հանրապետությունում այսօր մեկնարկել են «Հայ ժողովրդի պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները, որոնց ընթացքին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հետևել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղակայված քննական կենտրոնում, որտեղ գործընթացը կազմակերպվել էր սահմանված կարգով:
Նախարարը նախ շրջել է քննասենյակում, զրուցել է դիմորդների հետ` նրանց մաղթելով հաջողություն, ապա նաև պատասխանել ծնողներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին թեստերի կազմման ընթացակարգին, անցումային շեմի հնարավոր իջեցմանը, քննության տևողությանը և այլն:Նախարարը պատասխանել է նաև քննությունները լուսաբանող լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին թեստերի կազմման եղանակներին: Նախարարը նշել է, որ իրականում թեստաբանությունը, որը համարվում է գիտության տարատեսակ և դասավանդվում է աշխարհի մի շարք բուհերում, այդ թվում նաև Մոսկվայի պետական համալսարանում, պահանջում է «ոչ միայն խորը մասնագիտական գիտելիքներ, այլ նաև հոգեբանություն, մանկավարժություն և տրամաբանական համապատասխան տարրեր»: «Խոստովանենք, որ թեստեր գրելու մշակույթ մենք դեռևս չունենք ոչ միայն ընդունելության համակարգում. թեստերի որակը խնդիր է նաև բուհական քննությունների ժամանակ, որովհետև բուհերում ևս ուսանողները հաճախ քննություններ են հանձնում ոչ կատարյալ թեստերով»,-նշել է Ա. Աշոտյանը: Քանի որ նախարարը հետևել է «Քիմիա» առարկայի քննությանը, լրագրողները հարցեր են ուղղել նաև առարկայի պահանջվածության, ինպես նաև վերջին տարիների ԵՊԲՀ ընդունվելու բավականին ցածր անցումային շեմի վերաբերյալ, որին ի պատասխան նախարարը նշել է, որ կրթություն–տնտեսություն կապը լավագույնս դրսևորվում է հենց «Քիմիա» առարկայի օրինակով, և այսօր մեծ խնդիր կա քիմիական կրթության հետ կապված: «Քիմիան տարիներ շարունակ կարևորվել է Մ. Հերացու անվան բժշկական համալսարան ընդունվելու համար, սակայն այսօր քիմիայի բնագավառում, մասնավորապես, էկոլոգիական քիմիայի, դեղագործական քիմիայի բնագավառում որոշակի ճգնաժամ է: Այս մասնագիտություններով տեղերն այնքան էլ պահանջնված չեն. նույնիսկ բուհերում պետական պատվերի շրջանակում թափուր տեղեր են մնացել»,նշել է նախարարը և հավելել, որ ըստ, ամենայնի, տնտեսության մեջ քիմիական արդյունաբերության զարգացմանը զուգընթաց կաճի նաև քիմիական մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը: «Այսօր մենք փորձում ենք խրախուսել քիմիական կրթությունը պետական պատվերի շրջանակում` ավելի շատ անվճար տեղեր հատկացնելով քիմիական մասնագիտությունների գծով»,- նշել է նախարարը` ընդգծեով, որ քիմիայի հետ կապված խնդիր կան նաև դպրոցական համակարգում. քիմիան այն երկու առարկաներից մեկն է, որտեղ միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականները ոչ մի մեդալ ձեռք չեն բերել: «Այս տարի ՀՀ կառավարությունը կտրուկ միջոցներ է ձեռնարկել, որի արդյունքում Երևանի դպրոցներից մեկում խոշոր կենսաբանական լաբորատորիա է ներդրվել, որն իր ծավալով և հագեցվածությամբ գոյություն չունի նույնիսկ ԵՊՀ-ում: Այս լաբորատորիան ստեղծելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 7.5 մլն դրամ: Նախատեսվում է, որ առաջիկայում մայրաքաղաքի դպրոցներից մեկը կդառնա քիմիայի առաջատար կենտրոն, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան հավուր պատշաճի նախապատրաստվել միջազգային օլիմպիադաներին»,-հայտնել է Ա. Աշոտյանը: Նախարարը դիմորդներին կոչ է արել անհաջողության մատնվելու դեպքում չհուսահատվել, որովետև առկա ուսուցման համար անցկավող քննություններից անմիջապես հետո` օգոստոս ամսին, մեկնարկելու է հեռակա ուսուցման համար փաստաթղթերի ընդունելությունը, և դրական միավորներ հավաքած դիմորդներն իրենց միավորներով կարող են մասնակցել հեռակա ընդունելությանը: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հեռակա ուսուցումը գնալով ավելի պահանջված է դառնում, քանի որ այն ուսանողին հնարավորություն է ընձեռում զուգահեռ աշխատել` ելնելով, իհարկե, սոցիալական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից, և, բացի այդ, հեռակա համակարգում ուսման վարձն ավելի ցածր է; Նախարարը լրագրողներին ևս մեկ անգամ հայտնել է, որ անմիջապես քննություններից հետո կձևավորվի հանրապետական մրցութային հանձնաժողովը, որը կամփոփի ԳԹԿ-ի կողմից անցկացրած քննությունների արդյունքները, կկատարի վերաբաշխում համապատասխան թափուր տեղերի միջև, լրացուցիչ տեղերի բաշխում այն մասնագիտությունների գծով, որտեղ մրցույթը մեծ է, ինչպես նաև կապահովի արտոնյալ համակարգով ընդունելությունների մեխանիզմը` բանակից զորացրվածների համար, սոցիալապես խոցելի խավերի համար և այլն: Լրագրողներին հետաքրքում էր նաև բուհերոմ ուսման վարձերի խնդիրը, որին ի պաասխան` նախարարը նշել է, որ ուսման վարձի փոփոխությունն իրավամբ նաև սոցիալական պատասխանատվության խնդիր է, և նախարարությունն ըստ ամենայնի կոչ կանի բուհերին, հաշվի առնելով սոցիալական խնդիրները` կտրուկ քայեր չձեռնարկել այս ուղղությամբ և մոտակա տարիներին փորձել իրականացնել հակաճգնաժամային ճկուն քաղաքականություն;












