Միջազգային համաժողով` նվիրված մեծահասակների կրթությանը
2010-06-16
Աշխարհի 27 երկրի շուրջ 150 ներկայացուցչի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը և «Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային համաժողովը, որի համակազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարութունը, ԴՎՎ Ինթերնեյշնլը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական խորհուրդը և Եվրոպական կրթական հիմնադրամը:
Համաժողովին ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ արդի աշխարհում դժվար է գերագնահատել մեծահասակների կրթության կարևորությունը, և, ըստ նախարարի, ՀՀ կրթական քաղաքականության մեջ մեծահասակների կրթական խնդիրները անկյունաքարային են դարձել են միայն անցյալ տարվանից, երբ ՀՀ կառավարությունն ընդունել է «Ցկյանս կրթության հայեցակարգը»: «Պետք է խոստովանել, որ համապատասխան օրենսդրական, իրավական հիմքերի բացակայության պատճառով փոփոխություններն այս ոlորտում կրել են տարերային բնույթ, ավելին` ծրագրերը հիմնականում իրականացվել են քաղաքացիական հասարակության ներգրավմամբ և օժանդակությամբ: Ժամանակակից հասարակական և տնտեսական զարգացումները ենթադրում են առավել մեծ ուշադրություն այն մարդկանց կրթական կարիքների նկատմամբ. ովքեր արդեն ստացել են մասնագիտական կրթություն կամ երկրորդ մասնագիտություն կամ էլ ինքնակրթության ձևով փորձում են բարելավել իրենց անձնական կարողությունները և համահունչ դառնալ աշխատաշուկայի պահանջներին: Տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ տնտեսությունը սպասարկեն որակյալ կադրեր, որոնց պատրաստման խնդիրը պայմանավորված է ինչպես ֆորմալ կրթությամբ, այնպես է մեծահասակների կրթության հնարավորությունների ընդլայնմամբ»,-նշել է նախարարը և հավելել, որ նշված ոլորտում խնդիրները վերաբերելու են ոչ միայն իրավական դաշտի կատարելագործմանը, այլ նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներին, մասնավորապես, շուտով նախարարության աշխատակազմում կգործի նոր` լրացուցիչ և շարունակական կրթության բաժին, որն իր վրա է կրելու պետական քաղաքականության մշակման, միջազգային փորձի ուսումնասիրության, քաղաքացիական հասարակության ներուժի ներգրավման խնդիրը: Ա. Աշոտյանը նաև նշել է, որ այս ուղղությամբ առկա է եվրոպական փորձ, և նմանատիպ միջոցառումները լավագույն միջոցն են այդ փորձի փոխանակման տեսակետից: Նախարարն ընդգծել է, որ մեծահասակների կրթության խնդիրները դրված են նաև Բոլոնիայի գործընթացի հիմքում` որպես հիմնաքարային սկզբունքներից մեկը, և ՀՀ-ն, որպես այդ գործընթացի անդամ երկիր, պետք է ապահովի իր բոլոր պարտավորությունների կատարումը:
Համաժողովի նպատակն է համախմբել ոլորտի միջազգային և տեղական կազմակերպություններին և մասնագետներին, քննարկել ոլորտի զարգացման ռազմավարությունը և երկարաժամկետ նպատակները: Համաժողովի անցկացումը Հայաստանում բացառիկ հնարավորություն է եվրոպական գործընկերների համար` Հայաստանի կրթական գործընթացների բացահայտման, միջազգային գործընկերների հետ բազմակողմ համագործակցություն սկսելու և զարգացնելու տեսանկյունից:
Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան եվրոպական հասարակական կազմակերպություն է, որը միավորում է 131 անդամ կազմակերպություններ 41 երկրից, որոնք աշխատում են մեծահասակների կրթության ոլորտում և ներկայացնոում շուրջ 60 մլն սովորող ողջ աշխարհում: Գլխավոր համաժողովը տարեկան միջոցառում է, որն ամփոփում է ասոցիացիայի գործունեությունը և մշակում հետագա գործողությունների ռազմավարությունը:
Համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 18-ը:












