Նախարարն այցելել է քննական կենտրոն

2010-06-15

Հանրապետությունում այսօր մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել 9290 դիմորդÖ‰ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը քննությունների ընթացքին հետևել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում, որտեղ գործընթացը կազմակերպվել էր սահմանված կարգով: Ինչպես միշտ, քննակենտրոնի մուտքը մարդաշատ էր, ու նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է լրագրողների և ծնողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին միասնական քննությունների ընթացակարգին, «Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստերի բարդությանը և բողոքարկման գործընթացին:

Անդրադառնալով միասնական քննություններին` նախարարը նշել է, որ չնայած այս տարի ԿԳ նախարարության լիազորություններից  դուրս է միասնական քննությունների անցկացումը, սակայն նախարարությունն իր հետաքրքրությունը միասնական քննությունների ընթացակարգի նկատմամբ պահպանել է, քանի որ «քննությունները գնահատվում են որպես հանրակրթական համակարգի աշխատանքի արդյունք»: «Նախարարությունը շահագրգռված է, որպեսզի քննություններն օբյեկտիվ անցնեն, և չլինեն որևէ խոչընդոտներ»,- նշել է նախարարը` համաձայնելով լրագրողների այն դիտարկմանը, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերը, իհարկե, բարդ են եղել, բայց «եթե թեստերը բարդ են եղել, ապա եղել են բարդ բոլորի համար, և քննությունների պայմանները դժվար են եղել բոլորի համար»: Նախարարը նշել է, որ քննական նման լարվածություն արձանագրվել է նաև անցյալ տարի և հավելել, որ  պահանջները մայրենի լեզվի նկատմամբ շատ են, և թեստերի մասնագետները փորձել են իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես նաև հիմք ընդունելով դպրոցական ծրագրերը` կազմել թեստեր: «Մտածել, որ մեկ տարվա մեջ կփոխվի մեթոդաբանությունը, կարծում եմ, սխալ է; Ես այստեղ տեսնում են մասնագիտական դրոշը բարձր պահելու ցանկություն, և թեստերի հեղինակներն առաջնորդվել են երևի այն սկզբունքով, ինչքան բարդ, այնքան լավ, սակայն այդպես պետք է չլինի»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների գնահատականների որոշակի բարձրացում կլինի: «Ես իրավասու չեմ ասել, թե քանի միավորով կբարձրանան գնահատականները, սակայն կարծում եմ, որ որոշակի բարձրացում կլինի»,-նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ այս տարի դիմորդների թիվը 2500-ով քիչ է, քան բուհերում հատկացված տեղերի թիվը: «Այս տարի դիմորդների թիվը մոտ 18 հազար է, իսկ պետական բուհերում հատկացված տեղերի թիվը 20500: Բոլոր այն դիմորդները, ովքեր կստանան դրական գնահատական, հնարավորություն կունենան ընդունվել նախապես հայտագրված որևէ պետական բուհ: Սա բացառիկ տարի է, երբ բուհերում հատկացված տեղերի քանակն ավելի մեծ է, քան դիմորդների թիվը»,-նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը նաև հայտնել է, որ հուլիսի երկրորդ կեսին կձևավորվի հանրապետական մրցութային հանձնաժողով, որը կամփոփի ԳԹԿ-ի կողմից անցկացրած քննությունների արդյունքները, կկատարի վերաբաշխում համապատասխան թափուր տեղերի միջև, լրացուցիչ տեղերի բաշխում այն մասնագիտությունների գծով, որտեղ մրցույթը մեծ է, ինչպես նաև կապահովի արտոնյալ համակարգով ընդունելությունների մեխանիզմը` բանակից զորացրվածների համար, սոցիալապես խոցելի խավերի համար և այլն:
Քննական խնդիրներից բացի, լրագրողներին հետաքրքրում էր նաև վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկումների խնդիր դարձած ևս մեկ խնդիր` ԿԳ նախարարի հրամանով 2009-2010 ուստարում 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրման արգելքը: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ փետրվարից սկսված կրթության պետական տեսչությունը ստուգումներ է անցկացրել հանրապետության բոլոր դպրոցներում, և ուսումնասիրությունները կշարունակվեն նաև հուլիս ամսվա ընթացքում; Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչու են որոշ դիմորդներ հասցրել հանձնել առաջին միասնական քննությունը, Ա. Աշոտյանը պարզաբանել է, որ այդ ընթացքում նախարարությունը դեռ չէր հասցրել ի մի բերել դպրոցներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:
«Հսկայական աշխատանք է տարվել, և տվյալները հավաքագրվել են ողջ հանրապետության դպրոցներից: Յուրաքանչյուր խախտում հայտնաբերելու դեպքում մի քանի անգամ ճշգրտվել է անօրինական թռիչքով դպրոցն ավարտած երեխաների ցանկը»,-նշել է նախարարը և հավելել, որ օրինազանց դպրոցի տնօրենների ճակատագիրը կախված է ՀՀ աշխատանքային օրենսգրքից: «Այն տնօրենները, ովքեր խախտումը թույլ են տվել մի քանի անգամ, հաստատ հեռացվելու են աշխատանքից»,-լրագրողներին վստահեցրել է նախարարը և հավելել, որ հետայսու դպրոցներում ստուգումները լինելու են պարբերաբար: «Տարիներ շարունակ դպրոցներում այս ծավալով ստուգումներ չեն իրականացվել: Ես բազմիցս նշել եմ, որ մեր հանրակրթության որակի թիվ մեկ խնդիրը կառավարման որակն է»,- նշել է Ա. Աշոտյանը` ավելացնելով, որ առաջիկայում նախարարությունը որոշում կկայացնի այդ երեխաների հետագա ուսումնառության հետ կապված, և, ըստ ամենայնի, բացառության կարգով նրանց կթույլատրվի ուսումը շարունակել 11-րդ դասարանում: Վերջում նախարարը լրագրողներին վստահեցրել է, որ ուսումնասիրությունների ամփոփումից հետո տեղեկատվությունն ամբողջական կներկայացվի հանրությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։