Գործընթացը կկրի շարունակական բնույթ

2010-06-14

«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Խ. Մուրադյանը և տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Ա. Արշակյանը: Ասուլիսի թեման էր` ԿԳ նախարարի հրամանով 2009-2010 ուստարում 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրման արգելքը: Խ. Մուրադյանը լրագրողներին պարզաբանել է, որ նման հրամանի անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո է, երբ 2006 թվականից հանրակրթական համակարգն անցում է կատարել  12-ամյա կրթության, և մեկ տարվա ընթացքում ավագ դպրոցի եռամյա ծրագիր յուրացնելը անհնարին է դարձել;

 Տեսչության պետն ընդգծել է, որ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության 2010 թվականի աշխատանքային ծրագիրը, ըստ որի հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների  10-11-րդ դասարաններում իրականացվել է սովորողների շարժի /ընդունելություն, փոխադրում, տեղափոխություն/ մշտադիտարկում, որի ընթացքում ուսումնասիրվել է շուրջ 81 հազար սովորողի փաստաթուղթ; Համադրման արդյունքում պարզվել է, որ շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի շարունակել 10-րդ և 11-րդ դասարաններում:  Խ. Մուրադյանն ընդգծել է, որ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են ոչ թե էքստեռն փոխադրական քննությունների հետ կապված խնդիրներ, այլ անօրինական «թռիչքների» դեպքեր, որոնք կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության խախտումներ են: Հետևանքները վերացնելու նպատակով տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ, իսկ կոպիտ խախտումների վերաբերյալ 53 գործ սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Տեսչության պետը նաև նշել է, որ դեռևս ուսումնասիրութունների ընթացքում աշակետների մի մասի գործերը հետ են վերադարձվել դպրոցներ; Բացի այդ, եղած տվյալները համադրվել են նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի բազայի հետ և պարզվել է, որ միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության խախտումով հայտագրված 39 դիմորդ, որոնց արգելվել է մասնակցել քննություններին:
Խ. Մուրադյանը նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է նաև էքստեռն ավարտական կարգով քննությունների ընթացքը, և վերջնական արդյունքները սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվեն: Ավելին, համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում նաև հանրապետության բոլոր ուսումնարաններում և քոլեջներում: Նա տեղեկացրել է, որ, առհասարակ, ուսումնասիրությունները շարունակվեու են  նաև հուլիս ամսվա ընթացքում` մինչև ավարտական վկայականների բաշխումը, որի ընթացքում, ըստ տեսչության պետի,  հնարավոր է նաև բացահատված օրինախախտումների թվի աճ;
Լրագրողները նաև հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք հիմնականում առնչվել են տվյալ աշակերտների հետագա ուսումնառության և օրինախախտ տնօրեններին պատասխանատվության ենթարկելու խնդիրներին; Ի պատասխան` տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Ա. Արշակյանը նշել է, որ վերջինիս պարագայում նախարարն ունի սկզբունքային մոտեցում` բոլոր օրինախախտ տնօրենները կենթարկվեն կարգապահական տույժերի` ընդհուպ մինչ աշխատանքից հեռացում, գուցե նաև քրեական պատասխանատվություն: Նա նշել է, որ ուսումնասիրություններից հետո տեսչությունը նախարարին կառաջարկի տվյալ աշակերտների հետագա ուսումնառության հետ կապված լուծումներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։