Քաղաքացիական ինքնագիտակցության լավագույն հարթակը
2010-06-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել և հույս է հայտնել, որ այսուհետ ևս երկու կողմերը, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, կնպաստեն համագործակցության դաշտի ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՄԱԿ-ի մշտական համակարգողը վստահեցրել է, որ ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի հաջողության գրավականը տվյալ կառույցի և ազգային իշխանությունների հետ արդյունավետ համագործակցությունն է; Տիկին Գերչևան նշել է, որ կրթության և գիտության համակարգը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է հանդիսանում, և համագործակցության դաշտում կրթության և գիտության նախարարությունը հիմնական, առանցքային գործընկերներից է, որի գործունեությունը միտված է «ապագա սերնդի բարօրությանը»; Նա նշել է, որ այս հանդիպումը ևս մեկ առիթ է համագործակցության եզրերն առավել ընդլայնելու տեսակետից, մասնավորապես, հանրակրթության ոլորտում մարդու իրավունքների կրթության դասավանդման գործողությունների ծրագրին, որը 2008 թվականից իրականացվում է ՀՀ ԿԳՆ-ի կողմից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Նիդեռլանդների կառավարության կողմից աջակցելու պատրաստակամության վերաբերյալ; Տիկին Գերչևան նշել է, որ բացի Նիդեռլանդների կառավարության հատկացրած միջոցներից վերը նշված նախագծում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ևս կունանա իր հավելալ ներդրումները` 3 տարվա ընթացքում 300 հազ ԱՄՆ դոլարի չափով; Նա տեղեկացրել է, որ ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչից` մարդու իրավունքների կրթության գործողությունների ծրագրի մշակում հանրակրթական բոլոր աստիճանների համար, ավագ դպրոցում հանդուրժողականության, խաղաղասիրության դասավանդում և երրորդ` մարդու իրավունքների կրթության ներդրում քաղաքացիական ծառայության ոլորտում: ՄԱԿ-ի մշտական համակարգողն ընդգծել է, որ այս ուղղությամբ առաջին քայլը համապարփակ գնահատման իրականացումն է` թե որքանով են մարդու իրավունքների կրթության վերաբերյալ նյութերը ներառված տարբեր առարկաների դասավադման գործընթացում; Նախատեսվում է, որ գնահատումը հիմնականում կիրականացվի Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների միջոցով` գուցե նաև միջազգային փորձագետի ներգրավմամբ:
Ա. Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Նիդեռլանդների կառավարությանը` ծրագրին աջակցելու պատրաստակամության համար, վերահաստատել է ծրագրի մշակման աշխատանքներին նախարարության մասնակցությունը` նշելով, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արված են. առկա է երկարաժամկետ գործողությունների տեսլական` կապված մարդու իրավունքների կրթության հետ; «Ես կիսում եմ Ձեր մոտեցումները, որ կարևոր է ոչ միայն հանգրվանը, նպատակը, այլ նաև այն ելակետը, որից հստակ գնահատվում է իրավիճակը; Մարդու իրավունքների կրթության դասավանդումը քաղաքացիական հասարակության ձևավորման և քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման լավագույն գործիք է, և կրթական համակարգն այն լավագույն հարթակն է, որտեղ նման գործիքն իր լայն կիրառումը կգտնի; Մարդ-հասարակություն-պետություն կապը շատ կարևոր է նաև մեր անկախ պետության զարգացման տեսլականի շրջանակում»,-նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ դասղեկների համար մշակված հանդուրժողականության ձեռնարկի հրատարակման աշխատանքներին:












