Ստորագրվել են համագործակցության նոր ծրագրեր

2010-06-04

«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք.» ամերիկյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը:

«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» նորարարական ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգի աջակցմանն ու հզորացմանը, ինչպես նաև աջակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքային հաստատություններին ու համակարգերին` կանխելու, հայտնաբերելու և համարժեք լուծում տալու հաստատություններում գտնվող երեխաների պաշտպանության հետ առնչվող խնդիրներին: Նշենք, որ հիշյալ հաստատությունները ներառելու են հատուկ դպրոցները, մանկատները, խնամքի կենտրոնները, անչափահասների քրեակատարողական հիմնարկները և այլն: Նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, կարևորելով նման հուշագրի առկայությունը, նշել է, որ նորանկախ պետությունների կայացման գործում մեծ է քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրը, որն իրականացվում է նաև պետականության ապագա կերտողների` մատաղ սերնդի միջոցով: «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որի գործունեությունն ուղղված է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ապահովմանը, պատրաստ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնց գործունեության կանոնադրական իրավասությունները շարադրվում են որպես երեխաների իրավունքների պաշտպանության և իրազեկման, դրանց ուղղված օրենսդրական բարելավման քայլեր»,-ընդգծել է Ա.Ավետիսյանը;
«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք.» ամերիկյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ի. Սողոյանն իր հերթին նշել է, որ նախկինում ևս նախարարության հետ համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունքում արձանագրվել է հաջող փորձ: Նա նշել է, որ նոր ծրագրի շրջանակում, որն իրականացվելու է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, կազմակերպությունը համագործակցելու է նաև հոգաբարձության և խնամակալության խորհուրդների, երեխաների իրավունքների պաշտպանության մարմինների և այլ նախարարությունների հետ, իսկ ծրագրի առավել արդյունավետ իրականացման, ընդհանուր մոտեցումների հստակեցման և կրկնօրինակումից խուսափելու նպատակով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Վոլդ Վիժն» միջազգային կազմակերպության հետ:
Այսօր համաձայնագիր է ստորագրվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի: Համաձայն կնքված փաստաթղթի` կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցել հետևյալ ոլորտներում` առաջին օգնություն, աղետների կառավարում, թրաֆիկինգ, միգրացիա, առողջապահական խնդիրների իրազեկում, միջազգային մարդասիրական իրավունքի լուսաբանում, աճող սերնդի կրթության և այլ ոլորտներում` նպատակ հետապնդելով արդյունավետ ուսուցման համակարգեր և մեխանիզմներ ներդնելու միջոցով բարձրացնել հասարակության, մասնավորապես, երիտասարդության իրազեկումը, անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերումը և դրանց պրակտիկ կիրառումը նշված ոլորտներում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։