Հայտարարություն

2010-06-02

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքներում  փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ այսօր Թեքեյան մշակութային միությունում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է համաժողով, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր պատրաստակամությունն էր հայտնել մասնակցել համաժողովին, լսել մասնակիցների տեսակետները, ինչպես նաև արտահայտել ՀՀ կառավարության  մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ, առավել ևս, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, նշված թեմայով հանրային քննարկումների նախաձեռնողն է եղել:

Հետևաբար, նախարարի` համաժողովին մասնակցելու նպատակը նաև կառուցողական քննարկման ծավալումն էր: Մինչդեռ տարօրինակ է, որ համաժողովի նախաձեռնող խումբն այսօր հայտնում է. «Համաժողովը բաց է բոլոր հյուրերի մասնակցության համար, սակայն համաժողովի կազմակերպիչները նպատակահարմար չեն գտնում պաշտոնական տեսակետը ևս մեկ անգամ հնչեցնելը»` այսպիսով բացառելով այլակարծության որևէ դրսևորում: Վստահ ենք, որ նման մոտեցումը սահմանափակում է հարցի շուրջ կառուցողական երկխոսության և առողջ քննարկումների հնարավորությունը, և մեզ մնում է  միայն ափսոսանք հայտնել, որ համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն միայն «համակողմանիորեն ներկայացնել մասնակիցների անհամաձայնությունը»:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամ է միշտ մասնակցել կրթության և գիտության ոլորտին վերաբերող յուրաքանչյուր հարցի հրապարակային քննարկմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։