Հատուկ դպրոցներին` հատուկ ուշադրություն

2010-05-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում  մշտադիտարկում  իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի  ձևավորման  և  գործունեության կարգը»: Համաձայն կարգի` խումբը գործելու է հասարակական հիմունքներով, և խորհրդի անդամն ընդգրկվելու է խմբի կազմում հինգ տարի ժամկետով:   

Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել հաստատություններ, անհրաժեշտության դեպքում  ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը, սովորողների անձնական գործերին, հաստատության պայմաններին, ինչպես նաև հանդիպել հաստատության աշխատակիցների և սովորողների հետ: Խմբի անդամները կարող են առանձնազրույց ունենալ սովորողի հետ` հոգեբանի  կամ մանկավարժի պարտադիր մասնակցությամբ:
Համաձայն կարգի` մշտադիտարկումն իրականացվելու է հաստատություններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների, ուսումնասիրությունների և դիտարկումների հիման վրա` ՀՀ կրթության և գիտության նախարարին  ընթացիկ, տարեկան և հրատապ հաշվետվություններ ներկայացնելու ձևով, որոնց կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել երեխաների իրավունքների խախտման, խմբի լիազորությունների իրականացմանը՝ հաստատությունների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունները ներկայացվելու են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր հաստատության գործունեությունը, հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Հրատապ հաշվետվություններում ներկայացվելու են հաստատություններում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է  պաշտոնական    մեկնաբանություններ:
Մշտադիտարկման լիարժեք իրականացման նպատակով խումբը տարվա մեջ առնվազն երկու անգամ այցելելու է բոլոր հաստատություններ: Նախատեսվում է կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթաց, որը պարտադիր է լինելու խմբի յուրաքանչյուր անդամի համար: Խմբի անդամները հաստատություններ կարող են  այցելել  ցանկացած օր և ցանկացած ժամի (այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` առանց նախազգուշացման: Այցելությունները կատարվելու են խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի դիտորդական խմբի խորհրդի անդամ: Հաստատություն այցելող խմբում պետք է ընդգրկված լինեն առնվազն երկու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներÖ‰   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։