Գործող ծրագրերը` բարեփոխումների համատեքստում
2010-05-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան տիկին Մելանի Մոլթմաննի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գերմաներեն լեզվի իմացության վկայական տրամադրող հանրակրթական դպրոցների խնդիրները:
Արտասահմանյան դպրոցների կենտրոնի ներկայացուցիչ Սիլիվիա Մեբուսը նշել է, որ գերմանական կողմը ողջունում է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, և վերոնշյալ դպրոցներում արդեն իսկ իրենց լուծումն են գտել, մասնավորապես, գերմաներենի անհրաժեշտ ժամաքանակի հետ կապված հարցերը, սակայն, միաժամանակ, իր անհանգստությունն է հայտնում ծագած որոշակի խնդիրների վերաբերյալ; Մասնավորապես, նոր ուսումնական տարում գերմաներեն լեզվի իմացության դիպլոմ տվող դպրոցներից երկուսը գործելու են որպես հիմնական, իսկ թիվ 119-ը` ավագ դպրոց, և առկա են աշակերների թվաքանակի և առաջադիմության հետ կապված որոշակի խնդիրներ: Տիկին Մեբուսը նշել է, որ գերմանական կողմը դպրոցների ընտրության հարցում կարևորում է մի շարք նախադրյալներ, այն է` աշակերտների թվաքանակ, տարբերակված գիտելիքների մատուցման հնարավորություն, աշակերտների առաջադիմություն, փորձառու մասնագետների առկայություն և այլն: Տիկին փոխդեսպանն իր հերթին նշել է, որ գերմանական կողմը շահագրգիռ է այս տարածաշրջանում պահել գերմաներեն լեզվի իմացության վկայական տրամադրող դպրոցները, որովհետև դրանք ոչ միայն կրթական, այլ նաև քաղաքական և միջմշակութային համագործակցության դրսևորումներ են:
Նախարարը, անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում են ընդհանուր հայեցակարգային մոտեցումներով և այլևս անբեկանելի են: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ բարեփոխումների գործընթացում որպես կարևոր նպատակ հանդիսանում է նաև այն ծրագրերի պահպանումը, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների, այդ թվում նաև գերմանական կողմի հետ; Անդրադառնալով Տիկին Մեբուսի բարձրացրած խնդրին` նախարարը նշել է, որ համատեղ իրականացվող ծրագրերը ներկայացնում են երկուստեք հետաքրքրություն և չնայած հիմնախնդիրներին` վերջին տարիներին առկա են դրական միտումներ, պարզապես խնդիրների և հնարավոր վտանգների վաղ հայտնաբերումը հաճախ հնարավորություն է տալիս դրանք կանխել; Նախարարն առաջարկել է հարցի լուծման տարբերակները քննարկել երկու կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբում և գտնել դրանց արդյունավետ իրականացման այն ճանապարհը, որը համահունչ կլինի բարեփոխումների քաղաքականությանը և օրենսդրության շրջանակներին; Անդրադառնալով աշկերտների թվաքանակի նվազման խնդրին` Ա. Աշոտյանն ընդգծել է, որ այն ընդհանուր ժողովրդագրական խնդիր է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Թբիլիսիում գործող Գյոթեի անվան համալսարանի մասնաճյուղի տարածաշրջանային գործունեությանը: Նշվել է, որ համալսարանը գտել է նոր գործընկեր` ի դեմս Գյումրիի թիվ 3 դպրոցի, որ ունի համապատասխան բոլոր նախադրյալները` համապատասխան ուսուցչական կազմ, ուսուցման բարձր մակարդակ; Գործընկերության շրջանակում դպրոցին կտրամադրվի անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականություն և հնարավոր այլ աջակցություն; Նախարարը բարձր է գնահատել Գյումրիի դպրոցներից մեկի հետ համալսարանի` գործընկերություն սկսելու նախաձեռնությունը:












