700 հազար շահառուները` դաշնակիցներ
2010-05-27
ՀՀ բուհերի ուսանողների հետ հերթական հանդիպումը Թեքեյան մշակութային կենտրոնում էր, որը կազմակերպվել էր Ազգային նոր պահպանողական շարժման ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, մասնավորապես, ՀՀ-ում օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագծին, մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխմանը, Ջավախքի ուսանողների կրթական իրավունքների ապահովմանը և այլն:
Ուսանողների հետ հանդիպմանը նախարարը նշել է, որ հասարակությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել և մտահոգվել կրթական հիմնախնդիրներով; «Այսօր մենք շուրջ 700 հազար շահառու ունենք` աշակերտ, ուսանող, դասախոս, գիտնական, ծնող; Չկա գեթ մեկ ընտանիք, որ չառնչվի կրթական հիմնախնդիրներին, և կրթությունն, իրավամբ, ամենահասարակայնացված ոլորտն է: Եվ պետք է անել հնարավորը, որ շուրջ 700 հազար շահառուները դառնան մեր 700 հազար դաշնակիցները, ովքեր կօգնեն մեզ պայքարել համակարգի արդյունավետ գործունեության համար»,-դիմելով ներկաներին` նշել է նախարարը: Անդրադառնալով օտարալեզու դպրոցների խնդրին` Ա. Աշոտյանը ընդգծել է, որ մինչև ՀՀ կառավարության համապատասխան որոշումը նախագիծն անցել է նախատեսված բոլոր ընթացակարգերը և քննարկվել է բուհերի և շահագրգիռ մարմինների հետ: «Կանցնի ևս հինգ տարի և դուք կհամոզվեք, որ ով ունի գիտելիք, կարողանում է ազատ տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին և գիտի առնվազն մեկ օտար լեզու, առավել հաջողակ է»,-նշել է նախարարը` հավելելով, որ մոտ ապագայում հանրակրթական դպրոցներում կներմուծվի նաև երրորդ օտար լեզվի դասավանդումը:
Անդրադառնալով մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման խնդրին` նախարարը մեկ անգամ ևս նշել է, որ «իրականացված փոփոխությունների հիմքերը կրթագիտական են, իսկ հետևանքները` ոչ միայն կրթագիտական»: «Եթե այս բարեփոխումների արդյունքում կշահի նաև հայոց բանակը, ապա ես միայն ուրախ կլինեմ; Ասպիրանտուրայում տարկետման տեղերի կրճատումը պայմանավորված է շատ պարզ հանգամանքով, այն է` ավելացնել հեռակա, առանց տարկետման իրավունքի տեղերը և ասպիրանտուրայում թողնել սովորելու միայն այն մարդկանց, որոնց մոտիվացիան գիտելիքի ձեռքբերումն է և ոչ թե բանակից խուսափելը»,-նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարը պատասխանել նաև ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:












