Կրթական պետական քաղաքականությունը` գերակա
2010-05-26
Ոչ պետական բուհերի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի «Գլաձոր» համալսարան` հանդիպելու բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով մասնակիցներին` նախարարը նշել է, որ սա հնարավորություն է ծանոթանալ ոչ պետական բուհերի առաջատարներից մեկի գործունեությանը և ներկայացնել այն մոտեցումները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը բարձրագույն կրթության ոլորտում:
Ա. Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը սկսել է հստակ քայլեր ձեռնարկել, որ բարձրագույն կրթության համակարգն իրավամբ դառնա տնտեսությունը և հասարակությունը սպասարկող համակարգ: «Բարձրագույն կրթության առաքելությունը գիտելիքահենք տնտեսության և հասարակության ձևավորման գործում ամենակարևոր նախապայմաններից և օղակներից մեկն է, որի արդյունքն այն մասնագետներն են, ովքեր իրենց վրա պետք է կրեն տնտեսական առաջընթացի սպասարկման և իրականացման, հասարակական կյանքում ակտիվ քաղաքացի լինելու և համապատասխան արժեհամակարգ ունենալու, գիտելիքն այդ արժեհամակարգում ավելի արդյունավետ օգտագործելու բեռը»,-նշել է նախարարը` հավելելով, որ կրթական շուկայում որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ այսօր իրականացվում են մի շարք սկզբունքային քայլեր; «Տարիներ շարունակ կրթական շուկան իր տրամաբանությամբ խեղված է եղել. յուրաքանչյուր հատված ունեցել է շուկայի և տնտեսության տրամաբանությունն աղավաղող առավելություններ և արտոնություններ: Ըստ այդմ, 2011 թվականից բոլոր ոչ պետական բուհերի ընդունելությունն իրականացվելու է միասնական համակարգով, որն ամրագրվելու է բարձրագույն կրթության մասին օրենքում»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ առայժմ քննարկվում է գործընթացի իրականացման երկու տարբերակ: Առաջին, բոլոր բուհերը կներառվեն ընդհանուր հայտում, և դիմորդը հնարավորություն կունենա միանգամից նշել իր ցանկացած բուհը: Երկրորդ, հայտավորման ցանկում ներկայացված բուհերը հնարավորություն կունենան միանգամից դիմորդ ընդունել, իսկ որոնք չեն ցանկանա լինել այդ ցանկում, կընդունեն այն դիմորդներին, ովքեր հանձնել են համապատասխան մասնագիտությունների ընդունելության համար նախատեսված միասնական քննություն և ունեն դրա մասին վկայող փաստաթուղթ: Հաջորդ նորամուծությունը, որին անդրադարձավ նախարարը, հետևյալն է` պետական բուհերում վճարովի ծառայությունների մատուցումն այլևս շաղկապված չի լինելու տարկետման իրավունքի հետ: «Տարիներ շարունակ պետական բուհերը վճարովի համակարգում տվել են նաև տարկետման իրավունք, որն էլ իր հերթին դիմորդների մտածելակերպի մեջ որպես առաջնահերթություն փոխել է բուհ ընդունվելու հիմնավորումը: Դա հանգեցրել է կրթության որակի անկմանը և չի նպաստել ոչ պետական և պետական բուհերի իրավահավասարությանը»,-նշել է նախարարը` միաժամանակ փաստելով, որ «ցավոք, ՀՀ-ում դեռևս մասնավոր կրթական համակարգը չի կայացել այն աստիճան, որ կարողանա համարժեք մրցակցություն ապահովել պետական կրթական համակարգին, որի պատճառներից է նաև պետության կողմից տարիներ շարունակ համարժեք քայլերի բացակայությունը»: «Բոլոր առաջատար երկրների կրթական փորձը վկայում է, որ մասնավոր ոլորտում բարձրագույն կրթական ծառայություններն ավելի պահանջված են, և բարձրագույն կրթության առաջընթացի որոշակի մասը մենք կապում ենք մասնավոր բուհերի հզորացման հետ, որովհետև այն կխթանի մրցակցությունը և կապահովի հավելյալ ներդրումներ: Շատ հաճախ պետական ֆինանսավորումը բավարար չէ, որպեսզի բարձրագույն կրթությունը որակապես աճ ապրի, հետևաբար հավելյալ ներդրումները կխթանեն կրթության ոլորտի զարգացումը: Մեր նպատակներից մեկն է, որ կրթության շուկայում բուհերը խոշորանան` դառնալով հզոր միավորներ` և գիտամանկավարժական և ուսանողական ներուժով, և ապահովեն այնպիսի մակարդակ, որ ոչ միայն ինքնաբավ լինեն ֆինանսական տեսակետից, այլ նաև զուգահեռաբար մատուցեն որակյալ կրթություն և ունենան զարգացման տեսլական»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը ոչ մի հատվածի շահը գերակա չի դիտարկում և առաջնորդվում է միայն կրթական պետական քաղաքականության մոտեցումներով և տեսլականով: Նախարարն անդրադարձել է նաև բուհերի հավատարմագրման գործընթացին` նշելով, որ այն ժամանակավորապես դադարեցված է, քանի որ Բոլոնիայի գործընթացին անդամակցելու պահից Հայաստանը պարտավորվել է ներմուծել կրթության որակի հսկողության և ապահովման վրա խարսխված հավատարմագրման նոր կարգ, հետևաբար նախկին մոտեցումներն այժմ վերանայման փուլում են:
Նախարարը պատասխանել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հարցերին:












