ԿԳ նախարարի պաշտոնական այցն ԻԻՀ
2010-05-26
Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հրավերով մայիսի 22-24-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցելության ծրագիրը բաղկացած էր երկու հիմնական մասերից` պաշտոնական հանդիպումներ` կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև հնարավոր համագործակցություն, և հանդիպումներ հայկական համայնքի հետ:
Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադի-Նեջադի հետ, որի ընթացքում նախարարը փոխանցել է ՀՀ Նախագահի ուղերձը և ողջույնն ԻԻՀ ժողովրդին և Նախագահին, ինչպես նաև քննարկվել են հայ-իրանական հումանիտար համագործակցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ: Բացի այդ, պաշտոնական բանակցություններ են ընթացել կրթության ոլորտի պատասխանատուների հետ, որտեղ Հայաստանն ունի երկու գործընկեր. հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտն ԻԻՀ-ում համակարգում է հանրային կրթության և դաստիարակության նախարարությունը, իսկ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը` գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունը: ՀՀ պատվիրակության հանդիպումները նախարարների հետ անցել են արդյունավետ, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստորագրել ՀՀ և ԻԻՀ միջև գիտության և բարձրագույն կրթության ոլորտում 2011-13 թթ.-ի համագործակցության մասին գործողության ծրագիր: Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ մի շարք բուհերի դիպլոմների ճանաչման խնդիրը: ԻԻՀ ղեկավարությունը կարևորել է կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդհանրապես, իրանցի քաղաքացիների` Հայաստանում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը` միաժամանակ շեշտադրումներ կատարելով կրթության որակի և կարգապահության ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի անհրաժեշտությանը: «Քննարկումների արդյունքում քաղաքական տեսակետից խնդիրը կարելի է համարել հանգուցալուծված` Իրանի համապատասխան նախարարությունը պատրաստ է ճանաչել ՀՀ երեք բուհերի` Երևանի պետական համալսարանի, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի և ՀՊՃՀ-ի դիպլոմները: Մոտ ապագայում Հայաստան կժամանի համապատասխան փոխնախարարը, ով տեղում կհանդիպի երեք բուհերի ղեկավարության հետ, կքննարկվեն կոնկրետ խնդիրներ և մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը վերջնականապես կկարգավորվեն բոլոր խնդիրները, որոնք թույլ կտան ոչ միայն ամրապնդել նոր կապեր, այլ նաև կլուծեն մեր բուհական համակարգին նոր շուկաներ և հնարավորություններ նվաճելու, համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու խնդիրը»,-նշել է նախարարը: Հանրային կրթության և դաստիարակչության նախարարի հետ կայացած հանդիպման ընթացքում իրանական կողմը բարձրացրել է համագործակցության մասին համապատասխան համաձայնագրի և գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտության խնդիրը, և շուտով իրանական կողմին կներկայացվեն երկու փաստաթղթերի նախագծեր, որոնք կդրվեն շրջանառության մեջ: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հայ և իրանցի աշակերտների համատեղ ամառային ճամբարներ կազմակերպելու, երկու երկրների միջև աշակերտական առարկայական օլիմպիադաներ անցկացնելու շուրջ: Ամփոփելով պաշտոնական այցի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «ԻԻՀ-ում կրթական բոլոր ոլորտները գտնվում են պետության և հասարակության ուշադրության կենտրոնում, և առկա են բազում նորամուծություններ և տպավորիչ հաջողություններ այդ դաշտում: Իրանը մեզ համար ոչ միայն հարևան, բարեկամ երկիր է կրթական կապերի ամրապնդման հարցում, այլ նաև երկիր, որի հետ կարելի է արդյունավետ գիտակրթական ծրագրեր իրականացնել: Իրավամբ, մեր կրթական և գիտական կապերի մակարդակը զիջում է տնտեսական և քաղաքական կապերին, և ԻԻՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ նա խոստացավ, որ գիտակրթական հարաբերությունների զարգացումը որպես խնդիր կլինի իր անձնական ուշադրության կենտրոնում»: ԻԻՀ-ն պատրաստ է ՀՀ-ին տրամադրել 10 մագիստրոսական և ասպիրանտական կրթաթոշակներ` ԻԻՀ առաջատար բուհերում սովորելու համար: Կրթաթոշակները կուղղվեն ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ իրանագիտության, արևելագիտության և իսլամագիտության ոլորտներ, որտեղ առկա է համապատասխան պահանջարկ, և համագործակցության դաշտն ավելի լայն է; «Քաղաքակրթությունների երկխոսությունն է, որ բերում է արդյունավետ հարևանությանը և ընդհանուր շահերի համադրումն է, որ բերում է այդ կապերի ամրապնդմանը և զարգացմանը»,-նշել է Ա. Աշոտյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը եղել է Թեհրանի պետական, «Ամիր Քյաբիբ» պոլիտեխնիկական, «Ազադ» համալսարաններում: Վերջինս համարվում է աշխարհի ամենախոշոր բուհերից մեկը, որտեղ սովորում է շուրջ 1.5 մլն ուսանող: Բուհական հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել տեխնոլոգիական կրթության զարգացման, մասնավորապես, Թեհրանի «Ամիր Քյաբիբ» պոլիտեխնիկական համալսարանի և ՀՊՃՀ-ի և ԵՃՇՀ-ի միջև համագործակցության տեսանկյունից: Նախատեսվում է Թեհրանի պեական համալսարանում բացել հայերենի դասավանդման կենտրոն, որտեղ կիրականացվի հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության դավասավանդման ծրագիր:
Այցելության երկրորդ մասը նվիրված է եղել հայ համայնքի հետ հանդիպումներին, մասնավորապես. նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ազգային կենտրոն, «Արարատ» մարզավան. ինչպես նաև Թեհրանի օրիորդաց վարժարաններից մեկը: Թեհրանի չորս վարժարաններ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան պատվոգրերով: Իրանական պատվիրակությանն Արմեն Աշոտյանը պատասխան այցով հրավիրվել է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համապատասխան համաձայնագրեր, որոնք հիմք կհանդիսանան հետագա համագործակցության և շարունակականության ապահովման համար: