Հաշվետվություն ՀՀ կառավարության 2010թվականի գործունեության միջոցառումների ծրագրից բխող ՀՀ կրթության և գիտության նախարարո

2011-01-13

ՀՀ կրթության բնագավառի 2010թ. գերակա խնդիրներն են եղել`
-նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը,
-հանրակրթության ոլորտի բարեփոխումները,
-նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացումը,
-բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների:
Նախադպրոցական կրթության ոլորտում հիմնական աշխատանքներն իրականացվել են համաձայն «ՀՀ-ում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի»: ՀՀ Արարատի և Արագածոտնի մարզերի 41 համայնքում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար հիմնվել են նախակրթարաններ:
Հանրակրթության կառավարման ոլորտում կադրային քաղաքականության տեսակետից կարևորագույն ձեռքբերումներից է դպրոցների տնօրենների հավաստագրման և վերապատրաստման նոր կարգի ընդունումը: Ընդունվել է նաև ուսուցիչների ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարբերակված ֆինանսավորում և մասնագիտական հետագա կատարելագործման համար ստեղծում խրախուսման խթաններ: 
2010 թվականին ևս 43 դպրոցներ վերակազմավորվեցին առանձին գործող ավագ դպրոցների:
  Շարունակվել է դպրոցների համակարգչայնացման և համացանցայնացման աշխատանքը` ինտերնետը հասանելի է դարձել ևս 300 դպրոցում, ընդհանուր առմամբ 944 դպրոց ապահովված է ինտերնետի մուտքով:
Մասնագիտական կրթության ոլորտում նախարարության քաղաքականությունն ուղղված է աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագիտական կրթության և կրթական ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովմանը:
Հանրապետության 86 նախնական և միջին մասնագիտական ուսումնական  հաստատություններում վերապատրաստվել են շուրջ 1000 տնօրեններ, փոխտնօրեններ և մասնագետներ:
Տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում 12 փորձարարական քոլեջներին տրամադրվել են 9 տեսակի 20 մասնագիտական ուսումնական լաբորատորիաներ: 4 ուսումնական հաստատությունների տրամադրվել են թվով 352 սարքեր և սարքավորումներ:
2010/2011 ուսումնական տարվանից ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում (հետազոտողի կրթական ծրագրով) ներդրվել է կրեդիտային համակարգ: 
Մեկնարկվել է բուհերի մրցակցային ֆինանսավորման փորձնական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բոլոր բուհերին մրցութային կարգով ստանալ դրամաշնորհներ: Ընդունվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը»: Մշակվել են մասնագիտական կրթության որակավորումների բնութագրերը` ըստ որակավորման աստիճանների, որը Հայաստանի որակավորումների ազգային շրջանակի մասն է կազմելու:
-Մշակվել է «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը», որի հիմքում դրվել են նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը և զարգացման հայեցակարգերը:
ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ ԿԳ նախարարության մասով նախատեսված 15 միջոցառումներից կատարվել է 15-ը: Ծրագրի 109 կետի ժամանակին չկատարումը պայմանավորված է գիտական աստիճանաշնորհման գործընթացը կանոնակարգող 10-ից ավելի ենթաօրենսդրական փաստաթղթերի համատեղ վերանայմամբ և լրամշակմամբ, իսկ 110-րդ կետի` առանձին գործող ավագ դպրոցների ցանկը ճշտելու և շահագրգիռ նախարարությունների առաջարկություններն ու դիտողություններն քննարկելու անհարժեշտությամբ:
-Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ ՀՆԱ-ի աճի վրա գիտության և կրթության ոլորտի ազդեցության վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: 
2011 թվականին նախարարությունը շարունակելու է հետամուտ լինել կրթության որակի և մատչելիության բարձրացման խնդրին, մասնավորապես` առանձնակի կարևորվելու են բարձրագույն կրթության բարեփոխումները, դպրոցական դասագրքերի որակի բարձրացումը, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների ընդլայնումը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։