«Եվրոպայի օրը» հայ աշակերտի պատկերացմամբ
2010-05-19
ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանի թիվ 190 դպրոցում կազմակերպվել էր «Եվրոպայի օր» խորագրով բաց դաս, որը վարեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Մարիա Զեհեն և ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն:
Նախարար Արմեն Աշոտյանը, բացելով հատուկ դասը, նշեց, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ինտեգրման ճանապարհը, և եվրոպական ուղղությունը ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, այլ նաև եվրոպական ընտանիքի անդամ լինելու, միաժամանակ այդ արժեքային համակարգին հաղորդակցվելու, սեփական արժեքները համամարդկային, համաեվրոպական արժեքներին զուգակցելու և Եվրոպան ավելի լավ ճանաչելու խնդիր: «Այսօրվա մեր նախաձեռնության նպատակն է աշակերտներին հարցնել` ինչպիսի"ն են նրանք պատկերացնում Եվրոպան և հայ-եվրոպական հարաբերությունները, արդյոք մեր արժեքային համակարգը համադրելի" է եվրոպական արժեքների հետ և ինչպիսի"ն է լինելու եվրոպական ինտեգրման ճանապարհը: Բացի այդ, լսել աշակերտների պատկերացումները եվրոպական ընտանիքի մասին, միասին քննարկել եվրաինտեգրման ճանապարհը և հասկանալ ՀՀ անելիքներն այդ ճանապարհին»,-նշեց Ա. Աշոտյանը` հավելելով, որ այս նախաձեռնությունը տարերային միջոցառում չէ, այն նախարարության պլանավորած աշխատանքային ուղղություններից մեկն է, որովհետև, ըստ նախարարի, «եվրոպական ինտեգրման ճանապարհը նախևառաջ անցնում է մեր մտածելակերպով, քանի որ խնդիրը դրված է եվրոպական արժեքային համակարգի դաշտում, որից ածանցվում է եվրոպական քաղաքականությունը, մշակութային համագործակցությունը»: ««Ինտեգրում կրթության միջոցով» կարգախոսը նախարարության կողմից առաջարկվող մոտեցումն է Եվրոպական Միության, Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հարցում: Այս համատեքստում խիստ կարևորված են երիտասարդ սերնդի մոտ ազգային գաղափարական հենքի վրա ձևավորվող ժամանակակից մոտեցումները, այն է` 21-րդ դարում, մտնելով մեծ կյանք, ապագա սերունդն իր մեջ պետք է կրի հայի ազգային ինքնությունը, ազգային արժեքները` լեզու, մշակույթ, հավատ, ընտանիք` միաժամանակ գիտակցելով, որ մեկուսի ապրելով` ոչ մի հասարակություն և պետություն զարգանալ չի կարող»,-նշեց Ա. Աշոտյանը և աշակերտներին տեղեկացրեց, որ Հայաստանն անկախության առաջին տարիներից սկսել է իր միջազգային համագործակցությունը եվրոպական մի շարք կազմակերպությունների հետ, մասնավորապես, ՀՀ-ն դարձել է Եվրախորհրդի անդամ, սերտ համագործակցություն է առկա Եվրամիության հետ, և հայ-եվրոպական հարաբերությունների ներկայիս ընթացքն աչքի է ընկնում տարեցտարի աճող հարաբերություններով; Նախարարը նաև նշեց, որ «եվրոպական արժեքները` բարոյականություն, հավատ, սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, մեզ համար խորթ չեն, որովհետև հայերը, որպես եվրոպական ժողովուրդ, այդ արժեքները կերտողներից մեկն են եղել և իրենց քաղաքակրթությամբ և մշակույթով եվրոպական ընտանիք են ինտեգրվել որպես հավասար անդամներ»:
Անդրադառնալով ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությանը` ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար պարոն Լուցենբերգերը նշեց, որ նմանատիպ միջոցառումները լավագույն միջոցն են եվրոպական արժեքների վերաբերյալ հանրության իրազեկման և Եվրամիություն-Հայաստան կապի մերձեցման տեսանկյունից: Նախաձեռնությունը բարձր գնահատեց նաև ՀՀ-ում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Մարիա Զեհեն, ով, անդրադառնալով եվրոպական արժեքներին` մարդու իրավունքներ, օրենքի գերիշխանություն, ժողովրդավարություն, նշեց, որ ամեն ինչ սկիզբ է առնում կրթությունից և հույս հայտնեց, որ «Եվրոպայի օրը» մեկ օր կընկալվի որպես եվրոպական արժեքների և դրանք ավելի մատչելի դարձնելու տոն: ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն իր հերթին նշեց, որ այսօրվա բաց դասի հիմնական նպատակն է աշակերտներին ներկայացնել` ինչ են Եվրոպան և եվրոպական արժեքները: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը կլինի հաջողված և շարունակական, նշեց. «Մեր ապագա սերունդը պետք է իմանա այն եվրոպական արժեքները, որոնց մենք դավանում ենք և համոզված եմ, որ գալու է մեկ օր, երբ մենք այնքան ենք ներգրավվելու այդ արժեքային համակարգում, որ այն դառնալու է կարևոր տոներից մեկը, և այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ»:












