Ցուցարարները կլոր սեղանի շուրջ

2010-05-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ մի շարք բուհերի ուսանողների հետ, ովքեր մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ուսանողները մեկ անգամ ևս արտահայտել են իրենց հիմնական մտահոգությունները, այն է` առանց տարկետման իրավունքի տեղերի նվազումը, ըստ ուսանողների, կարող է լուրջ հարված հասցնել գիտության հետագա զարգացմանը:

Լսելով ուսանողների մտահոգությունները` նախարարը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքել են իր առաջարկին` հանդիպել և սեղանի շուրջ քննարկել առկա մտահոգությունները: Արմեն Աշոտյանն ուսանողներին տեղեկացրեց, որ արդեն նմանատիպ հանդիպումներ են տեղի ունեցել սոցիալական ցանցերում կրթական հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումների կազմակերպիչների, «բլոգերների», քաղաքական կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման խնդրին` նախարարը նշեց, որ այն վաղուց էր հասունացել, քանի որ վերջին տարիներին հարցը բազմիցս քննարկվել է և ներկաներին վստահեցրեց, որ նման նախաձեռնության շարժառիթները միանգամայն կրթական են: «Երկար տարիներ գործող համակարգը չի բավարարել գիտամանկավարժական կադրերի պատրաստման և զարգացման մակարդակը. այն պետության կողմից հովանավորման ենթակա խնդիր է և միայն պետպատվերի ձևավորման միջոցով այդ խնդիրը չի լուծվում»,-նշեց նախարարը` մեկ անգամ ևս ուսանողներին տեղեկացներով, որ իրականում անվճար տեղերի քանակը չի նվազել, պակասել են առանց տարկետման իրավունքի տեղերը: Այս համատեքստում նախարարը, որպես օրինակ, բերեց Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում տարկետման իրավունքով միջպետական համաձայնագրերի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքները` նշելով, որ մնացել են բազմաթիվ թափուր տեղեր: «Հավաստիացնում եմ ձեզ, որ կրթության հնարավորություններն այս դաշտում ամբողջությամբ բաց են, և առհասարակ զինապարտության հետ կապված խնդիր չկա: Պետպատվերի շրջանակը մնում է նույնը, և առկա ուսուցմամբ կրճատված տեղերը տեղափոխվելու են հեռակա ասպիրանտուրա. հետևաբար այդ դռները միշտ բաց են իրականում գիտությամբ զբաղվել ցանկացողների համար»,-նշեց Ա. Աշոտյանը: Անդրադառնալով բակալավրիատի տեղերի հատկացման սկզբունքներին` նախարարը նշեց, որ տարիներ շարունակ պետական և ոչ պետական բուհերը, գործելով կողք կողքի, ունեցել են իրենց խնդիրները, մասնավորապես, ոչ պետական բուհերն օգտվել են ընդունելության հեշտացված կարգից, իսկ պետական բուհերն ունեցել են տարկետման իրավունք ընձեռելու առավելություն: Ըստ այդմ, խեղվել է մրցակցային շուկան: Այդ է պատճառը, որ հաջորդ տարի ՀՀ բոլոր բուհերում ընդունելությունը կանցկացվի միասնական ընթացակարգով` բոլորի համար ապահովելով նույն դաշտում գործելու հնարավորություն: Նախարարը չբացառեց նաև, որ հետագայում, Բոլոնիայի գործընթացին համահունչ, համապատասխան վերահավատարմագրում անցնելուց հետո, հնարավոր է պետպատվերի տեղադրում նաև ոչ պետական բուհերում: «Կրթական համակարգը կրթություն է վաճառում, այլ ոչ թե տարկետման իրավունք: Հստակ պետք է գիտակցել պետության տնտեսական գերակայությունները և պետպատվերի տրամադրման օրինաչափությունները` նախապատվությունը տալով մշակութաբանական, հայագիտական, բնագիտական և գյուղատնտեսական բլոկներին: Հավաստիացնում եմ ձեզ, որ սա կրթական բարեփոխում է, որի ակնկալիքն է` ունենալ նպատակային պետպատվերի ձևավորման վերջնական սկզբունքներ, որով կխթանվի պետական գերակայությունը, և կրթական համակարգում կլինեն մարդիկ, ովքեր շահագրգռված են կրթությամբ. սա է ընդհանուր մոտեցումը»,-նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձավ նաև ապագայում նախատեսվող մի շարք նորամուծությունների, մասնավորապես, հաջորդ տարի պարտադիր է լինելու օտար լեզվից Toefl-ի հանձնումը մագիստրատուրայում, նախատեսվում է ասպիրանտուրայի քննությունների նկատմամբ պահանջների խստացում, ինչպես նաև անցումային շեմերի բարձրացում, որոնք կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի շեշտակի նվազմանը: Ներկայացված մոտեցումներն արժանացան ուսանողների հավանությանը:
Կլոր սեղանի ընթացքում անդրադարձ եղավ նաև այլ խնդիրների, մասնավորապես, հետագայում զորանոցներում գրադարանային, տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություններ կստեղծեն ուսումնական գործընթացի ապահովման համար, ինչպես նաև ծառայության ընթացքում հեռակա ուսուցման կազմակերպման հնարավորությանը` իհարկե, չվնասելով բանակի կարգապահությանը և կրթության որակին: «Առհասարակ, ես վստահ եմ, որ կրթությունը և զինապարտությունը պետք է տարանջատել և ոչ մի կերպ չշաղկապել միմյանց: Այդ դեպքում մագիստրարտուրայում և ասպիրանտուրայում կտրուկ կբեռնաթափվեն կրթական կոռուպցիոն ռիսկերը»,-նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում հնչեցին նաև մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ասպիրանտուրայում տղաների և աղջիկների հարաբերակցության, պաշտպանության նախարարության հետ համագործակցության, բանակից զորացրվածների կրթության շարունակականության ապահովման, մագիստրատուրայում ռազմական ամբիոնների վերաբացման և այլ խնդիրների:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց ուսանողներին` հանդիպման առաջարկն ընդունելու համար` նշելով, որ բարձր է գնահատում քաղաքացիական նախաձեռնությունը և հիմնականում կիսում է վերջիններիս մտահոգությունները` կրթության որակի հետ կապված, բայց «այդ խնդիրների բացարձակ լուծումները հաճախ բացակայում են»: Նախարարը նաև կոչ արեց ուսանողներին` ասպիրանտուրայի քննությունների ընթացքում սուբյեկտիվ դրսևորումների վերաբերյալ տեղյակ պահել նաև նախարարությանը:
Վերջում նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց նման հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել բոլոր առկա հիմնախնդիրները:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։