Դասագրքի որակն առաջնային է

2010-05-14

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրեն Կարինե Հարությունյանն ու Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրին 2010-2011 ուսումնական տարվա ավագ դպրոցների  համար հայտարարված դասագրքերի մրցույթի արդյունքները: Կարինե Հարությունյանը նշեց, որ ապրիլին  ամփոփվել են դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին  ավագ դպրոցների դասագրքերի համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Հումանիտար, բնագիտական  և ընդհանուր հոսքում յուրաքանչյուր դասագրքի համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 հրատարակչություն:«Երեք տարբերակ էր ներկայացված աշխարհագրության դասագրքի համար, 2-ական քիմիայի, ֆիզիկայի, ռազմագիտության, ռուսաց լեզվի, անգլերեն լեզվի դասագրքերի համար, մնացածի համար մեկական տարբերակ: Մի շարք դասագրքերի համար մրցակցություն չի եղել»,- նշեց Կարինե Հարությունյանը:
Ներկայացնելով դասագրքերի  գնահատման գործընթացում կատարված փոփոխությունները` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրենն ասաց, որ նախորդ տարիներին յուրաքանչյուր առարկայից գործել է մեկ հանձնաժողով, որում ներգրավվել են ուսուցիչներ, բուհական դասախոսներ և գիտական ոլորտի ներկայացուցիչներ: Որպես կանոն` հանձնաժողովի վերջնական եզրակացության համար հիմք է հանդիսացել դասախոսների կարծիքը և  հեղինակությունների կողմից ճնշվել է ուսուցիչների ազատ կարծիքը:  «Այս տարի    յուրաքանչյուր առարկայի գծով գործել են առանձին հանձնախմբեր` ուսուցիչների, դասախոսների և գիտական թևի: Ուսուցիչների հանձնախումբը ձևավորվել է նախարարության կողմից, իսկ դասախոսների և գիտության բնագավառի ներկայացուցիչների  թեկնածություններն առաջադրել են ԳԱԱ-ն և բուհերը: Հանձնախմբերն աշխատել են մեկ ամիս, և գնահատման արդյունքում ընտրվել են դասագրքեր»,- նշեց  Կ. Հարությունյանը և տեղեկացրեց, որ ավագ դպրոցի հումանիտար հոսքի 4 անուն  դասագիրք չի ընտրվել` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ռուսաց լեզու: «Եթե դասագիրքը չի անցնում բովանդակային գնահատման շեմային փուլը, ապա այն չի անցնում գնային մրցակցության փուլ: Նշված 4 դասագրքերը չեն անցել բովանդակային գնահատման շեմային փուլը և ցածր են գնահատվել հանձնախմբերի կողմից: Մինչ նոր դասագրքերի ստեղծումը, նախարարության կողմից խնդիր է դրվել, որ ավելի լավ է մեկ տարի առաջնորդվել հին դասագրքերով կամ նոր մեթոդական ցուցումներով` հին դասագրքերով, քան ունենալ սահմանված որակական չափանիշներին չհամապատասխանող դասագրքեր»,- ասաց Կարինե Հարությունյանը:
 Նշվեց նաև, որ դասագրքերն արդեն ուղարկվել են  54 դպրոց-կենտրոններ, որտեղ մինչև ուսումնական տարվա ավարտը` հունիսը,  փորձաքննություն  կանցնեն ուսուցիչների կողմից, ներկայացված կարծիքները կուսումնասիրվեն և սեպտեմբերին արդեն ավագ դպրոցները կունենան նոր դասագրքեր:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանը հավելեց, որ ուսուցիչների կողմից փորձաքննություն անցած դասագրքերը Կրթության ազգային ինստիտուտի կողմից ևս մեկ անգամ կուսումնասիրվեն, շտկումներ կկատարվեն, որից հետո միայն կուղարկվեն տպագրության: Նա նշեց, որ բացի նոր դասագրքերից, ինստիտուտն արդեն իրականացնում է նաև գործածության մեջ գտնվող դասագրքերի մշտադիտարկում` հավաքվում են բոլոր կարծիքները` հաջորդ վերահրատարակումներում թերությունները բացառելու նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։