Կրթությունը` Եվրոպա-Հայաստան ինտեգրման բանաձև
2010-05-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առաքելությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միան հասարակության, այլ նաև քաղաքական շրջանակներում: «Խմբի կատարած աշխատանքը մեծ է, և օգտակարության գործակիցը` բավականին բարձր: Կրթությունն այն հարթակն է, որտեղ կայանում է Եվրոպա-Հայաստան ինտեգրումը և հնարավորություն տալիս ապահովել քաղաքակրթությունների մերձեցումը:
Չնայած միջազգային համագործակցության տեսանկյունից նախարարության ներգրավվածությունն առավելագույններից մեկն է, և կրթական վերջին բարեփոխումները միտված են եվրոպական կրթական չափորոշիչների համապատասխանեցմանը, կրթության և գիտության նախարարությունը դեռևս ներգրավված չէ խորհրդատվական առաքելության շրջանակում: Սա է պատճառը, որ ես անցյալ տարի դիմել եմ խնդրանքով` համապատասխան մասնագետ գործուղել նաև նախարարություն: Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի համապատասխան կադրային խնդրի լուծմանը»,-ընդգծեց Ա. Աշոտյանը` հավելելով, որ որպես հիմնական առաջնահերթություն` նախարարությունն այս խնդրում կարևորում է ԵՄ կրթական ծրագրերին ՀՀ մասնակցության ընդլայնումն ու համապատասխան ներգրավվածության ապահովումը: Երկրորդ կարևոր նախապայմանը ԵՄ անդամ երկրների հետ կրթության ոլորտում երկկողմանի կապերի ամրապնդումն է: «Առաջնահերթության տեսանկյունից եթե առաջին նախապայմանը միտված է ինստիտուցիոնալ կարողությունների ընդլանմանը, ապա երկրորդն, իրավամբ, թելադրված է երկկողմանի հարաբերությունների զարգացմամբ»,-նշեց նախարարը` ավելացնելով, որ քանի որ միջազգային, այդ թվում նաև եվրոպական կրթական փորձը տարբեր է իր մոտեցումներով և մեթոդներով, հետաքրքիր կլինի ունենալ ԵՄ կրթական ոլորտի վերաբերյալ արժանահավատ և մասնագիտական բարձր մակարդակի վերլուծություն: Ապագա փորձագետին տրվող վերջին ցանկությունը, որի մասին խոսեց նախարարը, վերջինիս նախաձեռնողականությունն ու համագործակցության նոր ծրագրերի, առկա խնդիրների վերհանման կարողությունն է:
Պարոն Բյոնկեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ առանց որակյալ կրթության` զարգացած տնտեսություն և մշակութային զարգացում ապահովել հնարավոր չէ և կարևորեց համապատասխան փորձագետի առկայությունը նախարարությունում: Այս համատեքստում նա անդրադարձավ ապագա խորհրդատուի աշխատանքային անձնագրի հիմնական պահանջներին` աշխատանքների շրջանակը, առաջնահերթությունները, հիմնական ուղղվածությունը` հավելելով, որ փորձագետի համար անցկացվող բոլոր հարցազրույցներին կմասնակցի նաև նախարարության ներկայացուցիչը և համատեղ ուժերով փորձ կարվի գտնել բոլոր պահանջներին համապատասխանող խորհրդատու:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն խնդիրներին, որոնց շուրջ ակնկալվում է միջազգային փորձագետի մասնագիտական խորհրդատվությունը:












