Դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը շարունակվում է
2010-05-13
Այս տարվա դիմորդների թիվը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կազմել է 17 հազար 665` նախորդ տարվա 19 հազար 164-ի դիմաց: Երևանում դիմորդների թիվը կազմել է 6 հազար 160, որին դիմորդների թվով հաջորդում է Շիրակի մարզը` 1522: Ամենից քիչ դիմորդ գրանցվել է Վայոց Ձորի մարզից: ԼՂՀ-ն ներկայացնելու է 876 աշակերտ: Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Հունիսի 1-ին շրջանավարտները քննություն կհանձնեն աշխարհագրությունից, ընդհանուր պատմությունից և կենսաբանությունից: Հունիսի 4-ին շրջանավարտները քննություն կհանձնեն հայոց լեզու և հայ գրականությունից, 8-ին` ֆիզիկայից, 11-ին` օտար լեզվից, 15-ին` մաթեմատիկայից, 19-ին` քիմիայից և hայոց պատմությունից, 23-ին` ռուսաց լեզվից: Այս տարի միասնական քննության թեստի վրա նշվելու են շրջանավարտի նստարանի և խմբի համարները: Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգի համաձայն` այս տարի ավելի են խստացվել միասնական քննությունների ընթացքում դիմորդի վարքի կանոնները: Շրջանավարտներին կարգելվի մտնել քննական կենտրոն` բջջային հեռախոսներով: Շրջանավարտի մոտ բջջային հեռախոսի առկայությունը հիմք կհանդիսանա քննության դադարեցման և քննասենյակից հեռացման համար:
Հայոց լեզու և հայ գրականությունից քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել 11 հազար 162 աշակերտ, աշխարհագրությունից` 331, ընդհանուր պատմությունից` 513, կենսաբանությունից` 1766, մաթեմատիկայից` 9 290, հայոց պատմությունից` 3 272, քիմիայից` 1342, անգլերենից` 7787, գերմաներենից` 512, ֆրանսերենից` 433, իսպաներենից` 18, իտալերենից` 5, պարսկերենից` 1, ֆիզիկայից` 4 099, ռուսաց լեզվից` 1047 աշակերտ:












