Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում
2010-05-07
«Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովն այսօր մեկնարկեց Ջերմուկում, որը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանը և ԵրՃՇՊՀ ռեկտոր Հ. Թոքմաջյանը:
Գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի վերաբերյալ գիտաժողովի առաջին զեկույցը ներկայացրեց Կ. Հայրապետյանը: Նա անդրադարձավ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, թեմատիկ և նպատակային-ծրագրային ֆինանսավորման, գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորման, գիտական ծրագրերի և հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձեւավորման և աշխատանքի կազմակերպման կարգերին:
Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել գիտության զարգացման ռազմավարության, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթներին, ինչպես նաև Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ոլորտի բարեփոխումներին, գիտական և գիտատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Գիտաժողովին մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ: