Ապագային համահունչ` կրթական համակարգ

2010-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Համագործակցային գաղափարախոսության իրականացումը կրթական համակարգում» թեմայով գիտաժողովն այսօր շարունակեց իր աշխատանքները: Գիտաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նա նշեց, որ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, որի հիմնական նպատակն է Հայաստանում ապահովել համագործակցային գաղափարախոսության վրա հիմնված  ուսումնական գործընթացի նոր եղանակների կայացումը:
«1996 թվական էր, երբ ծանր վիճակում հայտնված մանկավարժությանը հաջողվեց ստեղծել մանկավարժների ակումբ, որը հետագայում վերածվեց ասոցիացիայի: Այսօր արդեն ասոցիացիան ունի ավելի կարևոր նպատակներ, որոնցից հիմնականը կարող ենք սահմանել ապագային համահունչ կրթական համակարգի ձևավորումը»,- ասաց Մ. Մկրտչյանը:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում նորարար մանկավարժները հանդես էին եկել զեկուցումներով` նվիրված ինտեգրացիոն դասընթացների բովանդակությանն ու կառուցվածքի պահանջներին, կոլեկտիվ ուսման հնարների կիրառման հնարավորություններին, մաթեմատիկական կրթության բնագավառում ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոտեցումներին, ինչպես նաև կրթական տեխնոլոգիաներին, վերապատրաստման դասընթացներին, խաղային մանկավարժությանը:
Գիտաժողովի ավարտին կրթության ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին Ալբերտ Անանյանը և Բելլա Եսաջանյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։