«Մենք հաղթանակի սերունդն ենք»

2010-05-05

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ հանրապետության դպրոցներում հայտարարվել էր «Մենք հաղթանակի սերունդն ենք» թեմայով շարադրությունների մրցույթ: Մրցույթին մասնակցել է 7-11-րդ դասարանների ավելի քան 60  աշակերտ: Լավագույն 10 աշխատանքի հեղինակները և պատերազմի մասնակից հայ վետերան-մանկավարժներն այսօր հրավիրվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Ողջունելով մրցույթի   հաղթողներին և վետերան մանկավարժներին` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ասաց. «Հաղթանակի 65-ամյակն ենք տոնում և ամեն անգամ, երբ տոնում ենք այդ օրը, կարծես անցած տարի էր այդ հաղթանակը. այն միշտ թարմ է և հիշողության մեջ չի հնանում: Սա ուրախալի է, որովհետև այդ հաղթանակի արժեքը զգում են ոչ միայն այն մարդիկ, ովքեր անմիջապես մասնակցել են, և ոչ միայն այն մարդիկ, որոնց ծնողներն են մասնակցել, այլև այն երեխաները, որոնց պապիկներն ու պապիկների պապիկներն  են մասնակցել պատերազմին: Ուրախալի է, որ այս կարևոր լուրը փոխանցվում է սերնդեսերունդ և արժևորվում: Տարիներ շարունակ նշելով, նաև վերապրելով այդ ուրախալի օրը` պայքարում ենք, որ այդ չարիքը նորից ու նորից չկրկնվի»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ընթերցեց հատվածներ շարադրություններից: Լավագույն շարադրություններ են ճանաչվել Շիրակի մարզից Մարիամ Բաղդասարյանի, Լոռու մարզից Գրիգոր Մկրտումյանի, Անի Պողոսյանի, Տավուշի մարզից Զարուհի Քարտաշյանի, Անահիտ Միրզոյանի, ՄԱնյա Ստեփանյանի, Սյունիքի մարզից Անի Հունանյանի, Կոտայքի մարզից Արփինե Խաչատրյանի, Երևանից Սաթենիկ Ավետիսյանի և Սաթենիկ Նուբարյանի շարադրությունները:
Շնորհակալություն հայտնելով մրցույթի հաղթողներին` Մ. Մկրտչյանն աշակերտներին պարգևատրեց հայ նկարիչների ստեղծագործությունների հավաքածուներով:
Միջոցառմանը ներկա Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան-մանկավարժներ Սուրեն Մարգարյանը, Գոհար Հովսեփյանը և Ռոզալիա Աբգարյանը մասնակիցների հետ կիսեցին իրենց հիշողությունները և շնորհակալություն հայտնելով լավ շարադրությունների համար` աշակերտներին մաղթեցին անամպ երկինք, խաղաղություն, որ նրանք երբեք չտեսնեն պատերազմ և այդքան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակները  պահեն ամուր և մասնակից լինեն մեր երկրի բարեկեցիկ կյանքի կառուցմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։