Կոնսորցիումը` համատեղ ծրագրերի իրականացման հիմնաքար

2010-05-05

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների միջև կնքվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական կրթության իրականացման և լեզվաքաղաքականության մշակման համագործակցության Կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր:

Վերոնշյալ համալսարանները Կոնսորցիումի շրջանակներում միավորելու են իրենց ջանքերը՝  ՀՀ   բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական կրթության իրականացման և լեզվաքաղաքականության մշակման ցանցային համագործակցության Կոնսորցիում ստեղծելու,   բարձրագույն   և   հետբուհական համապատասխան մասնագիտական կրթության ոլորտում ընդհանուր նպատակներին և խնդիրներին հասնելու համար:
Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով Կոնսորցիումի ստեղծման գաղափարը, նշեց, որ ՀՀ բուհերը համագործակցության իրավական հիմքեր ստեղծելու խնդիր ունեն, և այսօր նշված համաձայնագրով դրվում է լեզվաբանական կրթության առումով համատեղ ծրագրերի իրականացման հիմնաքարը: Նախարարը համաձայնագրի գոյությունը կարևորեց նախ այն հանգամանքով, որ ՀՀ տարբեր բուհեր հաճախ նույն մասնագիտական կրթությունն իրականացնում են ոչ համադրելի ծրագրերով և ուսումնական պլաններով: «Այս համատեքստում Կոնսորցիումի ստեղծման առաջին փորձն իրագործվել է  երկու տարի առաջ, երբ մանկավարժական բուհերը կնքեցին նմանատիպ համաձայնագիր, որն արդեն տվել է իր պտուղները. այսօր մանկավարժական կրթության ոլորտում մենք ունենք համընդհանուր մոտեցումներ և չափորոշիչներ: Ընդհանուր լեզվաբանական տարածքի ստեղծումն այս շրջանակում երկրորդ երևույթն է, բայց հուսով եմ` ոչ վերջինը»,-նշեց նախարարը` հավելելով, որ Կոնսորցիումը հնարավորություն կընձեռի նաև ուսանողների շարժունակության և կրեդիտների հաշվարկման միասնական համակարգի տեսանկյունից; «Համաձայնագիրը պետք է խթանի կրթական ընդհանուր տարածքի ստեղծմանը, երևանյան և մարզային բուհերի միջև հավասար կրթական պայմանների ձևավորմանը: Այն թույլ կտա մարզային բուհերին օգտվել երևանյան առաջատար բուհերի միջազգային կապերից և փորձի փոխանակման միջոցով ապահովել կրթության ավելի բարձր որակ»,-ընդգծեց Ա. Աշոտյանը` այս համատեքստում կարևորելով համընդհանուր կրթական տարածքի ձևավորման և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Ա. Աշոտյանը միաժամանակ կոչ արեց պետական բուհերին` «դռները բացել ոչ պետական բուհերի առջև`  պահպանելով մրցակցային դաշտը»: Նախարարը համաձայնագրի ստորագրումը կարևորեց նաև տարածաշրջանում մրցունակ և բարձրորակ կրթության ապահովման տեսանկյունից` հետագայում ավելի գրավիչ պայմաններ ստեղծելով օտարերկրյա ուսանողների համար:
Կոնսորցիումի հիմնական նպատակը՝ որպես միջբուհական համագործակցության համակարգի ստեղծում, ուղղված է լեզվաքաղաքանության և լեզվաբանական կրթության շարունակականության հայեցակարգի մշակմանը և ներդրմանը: Կոնսորցիումի շրջանակներում ԲՈԻՀ-երի դասախոսական կազմի և այլ շահագրգիռ անձանց գործունեությունը կուղղորդվի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտին վերաբերող համապատասխան առաջարկությունների մշակմանը, պետական կրթական չափորոշիչների և շրջանավարտների պատրաստվածության մակարդակին ներկայացվող պահանջների նախագծերի մշակմանը, համապատասխան ուսումնական պլանների և  կրթական ծրագրերի բովանդակության օրինակելի ձևերի մշակմանը, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերի փաթեթների մշակմանը և փորձաքննությանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման որակի  դիտարկմանը և վերահսկմանը: Համաձայնագիրը ենթադրում է նաև ուսումնական գործընթացի կազմակերպման, կադրային և մեթոդական ապահովման կատարելագործում, ուսանողների   և   դասախոսների   ակադեմիական  շարժունակության    զարգացմանն ուղղված մեխանիզմների ստեղծում, մասնակից բուհերի միասնական կրթական հորիզոնի ստեղծում՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման և «միակցված»կրթության, միջբուհական համագործակցության նոր ձևերի կազմակերպման ճանապարհով, ինչպես նաև նպաստում ուսանողների երկխոսությանը, ազգային լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների պահպանմանը, դրա հետ մեկտեղ բազմալեզվության և բազմամշակութայնության ճանաչմանն ու տարածմանը, զարգացմանն ու հարստացմանը, ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը միջազգային ակադեմիական հանրությանը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։