«ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-05-05
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման 110-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի :
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացրած և նախարարության կողմից ընդհանրացված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հաշվարկների հիման վրա քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:
3. Սահմանել, որ`
1) 2010-2011 ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարաններ ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ դպրոցներում,
2) 2010-2011 և 2011-2012 ուսումնական տարիներում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ և 12-րդ դասարաններում:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 2011-2012 ուսումնական տարվա ավարտին հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշման 5-րդ կետում նշված ժամկետում հաստատել սույն որոշմամբ հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների կանոնադրությունները:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ ապահովել սույն որոշմամբ ավագ դպրոցի կարգավիճակ ստացած դպրոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












