Հանդիպում «բլոգերների» հետ

2010-05-04

Վերջին շրջանում հաճախակի են  դարձել կրթական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներն ինտերնետային սոցիալական-տեղեկատվական ցանցերում, որն էլ առիթ էր հանդիսացել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար` հանդիպման հրավիրել «բլոգերներին»: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարը նշեց, որ կրթության և գիտության բնագավառն իր շահառուների առումով առավել ընդգրկուն ոլորտներից է, և յուրաքանչյուր խնդիր քննարկման նյութ է դառնում հայ ընտանիքներում, ինչպես նաև բոլոր դժգոհություններն անմիջականորեն կապվում են նախարարության և իրականացվող քաղաքականության հետ:

Նախարարը նշեց, որ, «բլոգերներին»` որպես հասարակական գործունեություն ծավալող լիդերներ, անհրաժեշտ է բոլոր խնդիրներին իրազեկ լինել առաջին աղբյուրից և ունենալ ճշգրիտ տեղեկություններ` ոլորտում իրականացվող քաղաքականության, ծրագրերի և նպատակների վերաբերյալ: Նախարարը միաժամանակ անկեղծ զրույցի կոչ արեց մասնակիցներին:
Առաջին հարցը վերաբերում էր «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, որը բուռն արձագանք է ստացել հանրության տարբեր շերտերում: Նախարարը նշեց, որ հասարակական լայն քննարկումների մեկնարկը նախաձեռնել է հենց նախարարությունը: «Օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելուց հետո այն լռության մատնվեց, և մենք խնդրեցինք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին անդրադառնալ այդ խնդրին: Նախ, որպեսզի հետագայում հասարակությունն անակնկալի չգա և իր մոտեցումներն ու հիմնավորումները չարտահայտի արդեն կայացած փաստի վերաբերյալ, երկրորդ` նպատակ ունենք հասարակական քննարկումների արդյունքում ունենալ հղկված և գործող օրենք»,- նշեց նախարարը: Մասնակիցները մտավախություն արտահայտեցին, թե չի կարող արդյոք կրկնվել այն իրավիճակը, ինչն առկա էր ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում: Ա. Աշոտյանը նշեց, որ անկախության առաջին տարիներին կատարված այդ քայլը խիստ անհրաժեշտ ու կարևորված էր, սակայն այսօր այլ է իրավիճակը: Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր հսկայական գումարներ են վճարում, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան արտասահմանում` միջազգային հեղինակավոր դպրոցներում: «Ինչու Հայաստանում չեն կարող լինել նման դպրոցներ, առավել ևս, որ դրանք արդեն կան տարածաշրջանում` Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում»,-նշեց նախարարը և հավելեց, որ նման դպրոցները զանգվածային չեն կարող լինել, և դրանցից յուրաքանչյուրի ստեղծման համար ՀՀ կառավարությունն առանձին որոշում պետք է կայացնի: Ի դեպ, այդ դպրոցների թիվը չի կարող գերազանցել ընդհանուր դպրոցների թվի 2 տոկոսը: Նախարարն ընդգծեց, որ խոսքը ոչ թե ռուսալեզու, այլ օտարալեզու կրթության մասին է: «Ենթադրել, որ այդ դպրոցները, որոնք գործելու են ոչ միայն Երևանում, այլ ողջ հանրապետությունում և լինելու են ընդամենը երկու տասնյակի հասնող, կարող են վտանգել մեր ինքնությունն ու ազգային նկարագիրը, պարզապես անմտություն է: Մենք փորձում ենք բացել դաշտը, որը կընձեռի խոշոր ներդրումների հնարավորություններ: Այդ դպրոցներում ևս մայրենի լեզվի և հայագիտական առարկաների առումով գործելու են նույն կրթական չափորոշիչները»,-նշեց նախարարը և ավելացրեց, որ հաճախ բարձրագոչ արտահայտություններով հանդես են գալիս մարդիկ, ովքեր ջանքեր և միջոցներ չեն խնայում, որպեսզի իրենց զավակներին կամ թոռներին տեղավորեն Հայաստանում գործող ռուսական դասարաններում: Նախարարը ցավով նշեց, որ այդ քննարկումների ընթացքում մարդիկ խոսում են հայրենասիրությունից և առիթը բաց չեն թողնում մեղադրել ու օտարամոլի, քաղքենու պիտակներ կպցնել մեր ժողովրդին: «Բոլոր առողջ մտահոգությունները հաշվի կառնվեն, սակայն ասել, որ մարդը չի տիրապետում ոչ մի օտար լեզվի, ուրեմն նա հայրենասեր է, իսկ ով տիրապետում է մի քանի լեզվի` ապազգային է, պարզապես անմտություն է: Այս դարում հայրենասիրություն է լինել գիտակ, խելացի, հաջողակ, և այդ ամենը ծառայեցնել քո երկրին: Քո հաջողությունը հասարակության և երկրիդ հաջողությունն է»,-նշեց նախարարը և ավելացրեց, որ կողմ է էլիտար կրթությանը և դեմ` էլիտար կոչվող դպրոցներին, որոնք միջազգային աշակերտական օլիմպիադաներին մասնակից գեթ մեկ սան չեն տվել վերջին տարիներին:
Հաջորդ խնդիրը, որը բարձրացրին մասնակիցները, վերաբերում էր հատուկ դպրոցներին: Նախարարը նշեց, որ երեխայի իրավունքի ոտնահարման խնդիրն առկա է նույնիսկ աշխարհի զարգացած երկրներում: Այս առումով որոշակի քայլեր արդեն կատարված են. ձևավորվել է քաղաքացիական վերհսկողության խորհուրդ, որի կազմն արդեն հաստատվել է և շուտով կհաստատվի նաև խորհրդի կանոնադրությունը: Խորհուրդն իրավասու է մոնիտորինգ իրականացնել այդ դպրոցներում և աջակցել նախարարությանը` բացահայտված խնդիրների լուծման գործընթացում: «Ակնհայտ է, որ դպրոցներից շատերում պայմանները վատ են. դա է նաև պատճառը, որ գնալով մեծացնում ենք ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը: Այն ծնողը, ով հավատում է ներառական կրթության գաղափարին, իր երեխային տանում է այդ դպրոցները: Դա մտածելակերպի խնդիր է և, ի վերջո, ծնողի իրավունքն է` ընտրել այն դպրոցը, որտեղ կրթություն կստանա իր երեխան»,-ընդգծեց նախարարը:
Մասնակիցներն անդրադարձան նաև ուսումնարանների և քոլեջների խնդրին: Նախարարը նշեց, որ վերջին շրջանում այս ուսումնական հաստատությունների նկատմամբ հասարակական ուշադրությունը նկատելի փոխվել է: Ուսումնարաններում և քոլեջներում այս ուսումնական տարվա ընդունելության ժամանակ որոշակի մասնագիտությունների գծով գոյացած լուրջ մրցույթը, ըստ նախարարի, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` ավագ դպրոցների բարեփոխումներով, արհեստներ տիրապետելով և աշխատաշուկայում պահանջված լինելով, ինչպես նաև Եվրամիության աջակցությամբ ՀՀ մարզերում  և Երևանում գործող 12 բազմագործառութային քոլեջներով: «Այն հատվածներում, որտեղ տնտեսությունը հստակ պատվեր է ձևավորում, այնտեղ կրթության զարգացման նոր հնարավորություններն ակնհայտ են»,-նշեց Ա. Աշոտյանը և անդրադարձավ 2010-2011 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից հաստատված բակալավրիատի և մագիստարատուրայի տեղերի խնդրին: «Այս տարի պետության կողմից պատվերը ձևավորվել է` հաշվի չառնելով հասարակության համար խիստ «մոդայիկ» մասնագիտությունների պահանջարկը: Պետական պատվերի բաշխման համար հիմք են ընդունվել մեր ռազմավարական ուղղությունները, այն է` տնտեսության զարգացման գերակայություններ, բնական գիտություններ, մշակութաբանություն ու հայագիտություն: Այս ամենն արվել է` ի հաշիվ տնտեսագետների, իրավաբաննների ու մանկավարժների»,-նշեց նախարարը և հավելեց, որ գործնական քայլեր են կատարվել նաև պետական և ոչ պետական բուհերի միջև իրավական անհավասար պայմանների վերացման ուղղությամբ, մասնավորապես, բուհերին չեն տրամադրվել վճարովի տարկետման իրավունքով տեղեր, ինչպես նաև հաջորդ ուսումնական տարվանից ոչ պետական բուհերն այլևս ընդունելություն չեն կատարի արտոնյալ պայմաններով` հարցազրույցով, այլ` ողջ հանրապետությունում անցկացվող միասնական քննությունների արդյունքներով: Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդրին` նախարարը նշեց, որ բացակայում է կրթության ոլորտում սպառողների վերահսկողությունը: «Կրթության իրավունքի ապահովման համար այսօր ծախսվում են հսկայական գումարներ` կրկնուսույցներ և այլն, իսկ երբ գալիս է այդ իրավունքն իրացնելու և համապատասխան կրթություն ու գիտելիքներ ստանալու ժամանակը, կրկին հսկայական գումարներ են ծախսվում` դրանից խուսանավելու համար»,- նշեց նախարարը և հավելեց, որ այս տարի ընդլայնվել է վճարովի համակարգը, որը պետք է նպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Մասնակիցներին հետաքրքրում էր նաև օրերս նախարար Արմեն Աշոտյանի` Վրաստան կատարած այցելության հետ կապված մանրամասներ, որոնք բուռն քննարկման նյութ էին դարձել հատկապես ինտերնետային սոցիալական ցանցերում: Նախարարը նշեց, որ մինչ այցելությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ջավախքահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ջավախքահայության հիմնախնդիրներով զբաղվող պատգամավորների հետ և քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Նախարարն այս խնդրի վերաբերյալ ձևակերպեց երկու հիմնական նպատակ. նախապայմաններ ստեղծել հայապահպանության համար և նպաստել ջավախքահայության ինտեգրմանը վրացական հասարակություն, որոնց ուղղությամբ էլ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: «Ես բարձրացրել եմ ջավախքահայության իրավունքների հետ կապված հարցեր, որովհետև վրացերենին չտիրապետելու պատճառով նրանք այդ հնարավորությունները չեն ունեցել; Սա է պատճառը, որ ես իմ վրաց գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հայկական դպրոցներում հատկապես վրացերենի դասավանդման խիստ ցածր մակարդակի վրա, և իրենք կիսեցին այդ մտահոգությունը և խոստացան ավելի ուշադիր լինել մանակավարժական կադրերի գործուղման հարցում»,- նշեց նախարարը և ավելացրեց.«Ինչ վերաբերում է շահարկվող հայտարարությանը, ապա այն եղել է` ի պատասխան ուսանողի տված հարցին և մեկնաբանվել է հիմնական մտքի կոնտեքստից դուրս»,-նշեց նախարարը` մասնակիցներին տեղեկացնելով, որ մեր հայրենակիցների թիվը Վրաստանում պակասում է հիմնականում արտագաղթի պատճառով, և երկու տարի առաջ փոխվել է նաև ժողովրդագրական վիճակն այն առումով, որ հայերն արդեն երկրորդ էթնոսը չեն Վրաստանում: «Ամենահեշտ բանն է խոսել խիստ պահաջատիրական մոտեցումներով և իրականությանը ծանոթ չլինել, չնպաստել առկա խնդիրների լուծմանը, չորոնել ճանապարհներ, որոնցով կարելի է շրջանցել եղած պատնեշները, այդուհանդերձ լուծումներ տալ: Ամենահեշտ բանն է դիմացինին ներկայացնել իրենց կողմից  չընդունվող պահանջներ և վերադառնալ  Հայաստան ու ասել, որ Թբիլիսիում խիստ ազգայնականի կամ հայրենասերի կեցվածքով հանդես եկա, ու թողնել այդ խնդիրը չլուծված ևս մի քանի տարի: Իմ մտահոգությունները բուն խնդիների լուծման դաշտում են»,- նշեց նախարարը և հավելեց, որ հայկական դպրոցների դասագրքերի հայերեն թարգմանության որակի հետ կապված խնդիրների լուծման նպատակով վրացական կողմին առաջարկվել է խմբագրական և սրբագրական աշխատանքներն իրականացնել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի միջոցով, իսկ ուսուցիչների վերապատրաստման գործընթացի որոշակի բաղադրիչներ իրականացնել նաև Վրաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նախադպրոցական կրթության, դասագրքերի որակի և էլեկտոնային դասագրքերի ստեղծման, ավագ դպրոցների, լիցենզիայի գործողությունը կասեցված ոչ պետական դպրոցների, մագիստրատուրայի և ասպիրատուրայի վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց առանձին քննարկում անցկացնել բացառապես գիտության հիմնախնդիրների հետ կապված, որին կմասնակցի նաև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։