Ասուլիսի առանցքում` ՀՀ կառավարության որոշումները
2010-04-29
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր հյուրընկալվել էր «Արցախ» մամուլի ակումբում: Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձավ 2010-2011 ուստարվա ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելության տեղերի հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմանը: Ներկայացնելով 2010-2011 թթ.-ի ասպիրանտուրայի համար հատկացված տեղերի քանակը` նա նշեց, որ այս տարի նախորդ տարիների համեմատությամբ տեղերը չեն կրճատվել, մասնավորապես, տրամադրվել են 122 անվճար տարկետման իրավունքով և 247 անվճար առանց տարկետման իրավունքի տեղեր:
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ անվճար և առանց տարկետման տեղերի պակասեցումը պարտադիր զինվորական ծառայության հետ բնավ կապ չունի: «Ես որևէ հայորդու չեմ հասկանա, եթե նա իր ծառայության հարցը քննարկման առարկա է դարձնում: Կրթությունը պետք չի կապել բանակի տարկետման իրավունքի հետ»,- ասաց նա և հավելեց, որ սկզբնական քննարկումների ժամանակ տարկետման իրավունքն ընդհանրապես պիտի հանվեր: «Սոցիալական, իրավական հավասարության տեսակետից այս խնդիրն ավելի ըմբռնելի կլիներ հասարակության համար, սակայն քննարկումներից հետո կառավարությունը որոշեց այս գործընթացն իրականացնել փուլային ձևով` աստիճանաբար պակասեցնելով, որպեսզի մրցութային սկզբունքը միանգամից չդադարեցվի»,-ընդգծեց Ա. Ավետիսյանը: Անդրադառնալով մագիստրատուրայի տեղերի խնդրին` նախարարի տեղակալը նշեց, որ դրանք սահմանափակված են բուհերի մասնագիտությունների լիցենզիոն հնարավորություններով և ոչ մեկի սովորելու իրավունքը սահմանափակված չէ:
Ա. Ավետիսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին դասական ուղղագրությանը, 2010-2011 ուսումնական տարում բուհերի ընդունելության կազմակերպմանը, ոչ պետական բուհերում միասնական քննություններով ընդունելության կազմակերպմանը և այլն: