«Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը»

2010-04-29

Խնկո-Ապոր անվան գրադարանում այսօր բացվեց «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը` Բաց հասարակության ինստիտուտի Բուդապեշտի գրասենյակի աջակցությամբ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներառական կրթություն իրականացնող դպրոցների մանկավարժներին հնարավորություն ընձեռել ցուցադրելու իրենց մանկավարժական գործունեության ընթացքում օգտագործվող այն նյութերը, որոնք հնարավոր են դարձնում գրեթե յուրաքանչյուր երեխայի համար կրթության որակի ապահովում, կրթության հասանելիություն և մատչելիություն: Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, նշեց, որ նմանատիպ միջոցառումներն անչափ կարևոր են ուսուցիչների ստեղծագործական աշխատանքի դրսևորման տեսանկյունից: «Այսօր պետության գերակա խնդիրը կրթության որակի բարձրացումն է, իսկ դա հնարավոր է իրականացնել միայն համատեղ ջանքերով` այդ թվում նաև, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ»,-նշեց Ն. Հովհաննիսյանը` հավելելով, որ ցուցադրված նմուշների մի մասը, գուցե արժանանալով պետական աջակցության, հնարավոր է հրատարակվեն և տրամադրվեն դպրոցներին;
Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը, «IREX»-ի հայաստանյան ներկայացուցչությունը, «Քայլ առ քայլ», «Հավատ» և այլ կազմակերպություններ, «Նոյյան տապան» գրախանութը, «Մանկան» խաղալիքների խանութը, ինչպես նաև ներառական  և հատուկ դպրոցներ, հիմնադրամներ, երեխայի զարգացման կենտրոններ և այլն: Ցուցահանդեսին ներկա ավելի քան 50 կազմակերպություն ներկայացրեց կրթական նյութեր, բուկլետներ, տեսանյութեր, մասնագետների  կողմից մշակված և կազմված կրթական ծրագրեր, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր, դիդակտիկ նյութեր և այլն:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 1-ը;

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։