Համագործակցության նոր եզրեր` հայ-ղազախական հարաբերություններում
2010-04-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ երկու երկրների միջև ձևավորված ավանդույթներն ունեն դարերի պատմություն և պատահական չէ, որ այսօր Ղազախստանում ապրում է շուրջ 60 հազար հայ, ովքեր ակտիվ ներգրավված են բոլոր բնագավառներում` գործարարությունից մինչև գիտակրթական:
«Վստահ եմ, որ հայ-ղազախական համագործակցությունն ունի ոչ միայն համատեղ անցյալ, այլև համատեղ ապագա, որի համար լավագույն հիմք կհանդիսանա միջմշակութային և կրթական կապերի զարգացումը»,-նշեց նախարարը` հավելելով, որ Ղազախստանի կառավարության ուշադրության կենտրոնում միշտ եղել են ազգային փոքրամասնությունների կրթության և աշխատանքի իրավունքի ապահովման խնդիրները: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ Սփյուռքի հայկական կրթօջախների` հայկական դասագրքերով ապահովման խնդրին: «Կառավարությունն ամեն տարի Սփյուռքի հայկական կրթօջախների համար ֆինանսավորում է շուրջ 40 հազար կտոր դասագրքերի հրատարակումը և դրանց փոխադրման ու տրամադրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակնկալում ենք նաև ՀՀ-ում գործող դեսպանատների աջակցությունը»,-նշեց նախարարը;
Դեսպանը նշեց, որ համագործակցության զարգացման համար առկա են բոլոր հիմքերը, և օրերս ԵՊՀ ղեկավարության հետ քննարկվել է համալսարանում ղազախերեն լեզվի և մշակույթի կենտրոն բացելու հնարավորության հարցը: Նա հավելեց, որ ազգությամբ հայ Ղազախստանի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր այսօր սովորում են ՀՀ բուհերում, ցանկություն են հայտնել ուսումնասիրել ղազախերեն լեզուն, և ղազախական կողմը պատրաստ է միջոցներ տրամադրել այդ նախագծի իրականացման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև օրերս Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների մանկավարժների առաջին համագումարին, որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության համաձայնագիր, որը նոր իրավական հիմքեր կստեղծի հետագա համագործակցության համար:












