Իրավական դաշտի անկատարությունը` որպես հիմնական բացթողում
2010-04-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության` ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչությունում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ: Նախարարը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը` կրթության ոլորտում, մասնավորապես, Կրթության պետական տեսչությունում արձանագրված համապատասխան իրավական դաշտի անկատարության և վարչարարության հետ կապված խնդիրների վերհանման կապակցությամբ:
«Արդեն երկրորդ տարին է, որ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում կրթության ոլորտում, որոնք էլ հիմք են հանդիսանում համապատասխան գերատեսչական ուսումնասիրությունների, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավման և կատարելագործման, ինչպես նաև կրթական բարեփոխումների հաջող ընթացքի ապահովման համար»,-նշեց Ա. Աշոտյանը:
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքների, բացահայտված թերությունների և դրանց վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Կրթության պետական տեսչության պետ Խ. Մուրադյանը: Նա նշեց, որ բացահայտված թերությունները, որոնք հիմնականում վերաբերել են իրավական դաշտի անկատարությանը և տեսչության ստորաբաժանումների գործառույթների հստակ տարանջատմանը, մանրամասն քննարկվել են տեսչության բոլոր բաժիններում` համապատասխան տեսուչների հետ: Խ. Մուրադյանը տեղեկացրեց, որ նշված բացթողումների մեծ մասը վերացվել են` արդեն իսկ ուսումնասիրությունների ընթացքում: Նա անդրադարձավ նաև ուսումնական հաստատությունների ընդհանուր տեղեկատվական շտեմարանի ստեղծման անհրաժեշտությանը;
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև առավելապես ՀՀ մարզպետարանների և այլ գերատեսչությունների ենթակայությամբ գործող նախնական /արհեստագործական/ ուսումնական հաստատություններում արձանագրված թերացումներին, որի կապակցությամբ դեռևս մեկ ամիս առաջ նախարարը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Արծագածոտնի և Լոռու մարզպետներին` նշված ուսումնարաններում հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան քայլեր իրականացնելու և մեղավորներին կարգապահական տույժերի ենթարկելու կապակցությամբ:
Համապատասխան դիտարկումներով հանդես եկավ նաև ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ներկայացուցիչը:
Քննարկման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը Կրթության պետական տեսչության պետին հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել տեսչավորման գործընթացը կարգավորող իրավական ակտերի նոր և հստակեցված փաթեթ, լրամշակել Կրթության պետական տեսչության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը, ներկայացնել հստակ առաջարկություններ` հայտնաբերված բացթողումների, մասնավորապես, համապատասխան իրավական փաթեթի լրամշակման և տեսչության ստորաբաժանումների գործառույթների տարանջատման վերաբերյալ:












