ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

2010-04-27

 

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում օգոստոսի 13-ին մեկնարկել է Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է 2004 թվականից: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները  խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմանխնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:
Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին:«Սրտանց ողջունում եմ Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Կրթության բնագավառում արդեն ավանդական դարձած հանդիպումների այս ձևաչափը լավ հնարավորույթուններ է ընձեռում քննելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության  ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքը:
Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայոց ոգին և հայոց լեզուն չկորսվեն օտարության մեջ` հայրենիքից հեռու: Այսօր հայության առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը ուծացման միտումները նվազագույնի հասցնելն է: Ժամանակակից աշխարհի պայմաններում, երբ օտարումն ու առանձնացումն սկսում են գերիշխել քաղաքաբնակների կյանքում, վերադարձն արմատներին դառնում է այդ մարտահրավերին պատասխանե;ու հնարավոր միջոց: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ էթ մշակել նոր ծրագրեր նաև նրանց համար, ովքեր մղում  և ցանկություն ունեն վերագտնելու իրենց կորցրած հայկական արմատները, կապն իրենց նախնիների երկրի հետ:
Հայաստանը համայն հայության  հայրենիքն է: Հայապահպանությունը սփյուռքում բխում է  Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Այն սոսկ սփյուռքի խնդիրը չէ. սա մենք հստակ գիտակցում ենք: Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության պարտադիր պայմաններն են:
Հարգելի բարեկամներ,
Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, իսկ սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` նոր ու վառ տպավորություններ հայրենիքից»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ համաժողովը նպատակ ունի հավաքել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներին և միասին քննարկել ապագա երկու տարիների համար նախատեսված խնդիրների լուծման տարբերակները: «Իմ ակնկալիքները համաժողովից մեծ են: Երեք օրվա աշխատանքի ընթացքում պետք է ծնվի նոր բանաձև, պետք է հստակեցնել հին ծրագրային ուղղությունները, լսել նոր առաջարկներ»,-ասել է Արմեն Աշոտյանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Ամերիկայի արևմտյան ափի ազգային դպրոցների խնամակալական խորհրդի անդամ Ռուբինա Փիրումյանը:
Համաժողովն օգոստոսի 13-17-ն  իր աշխատանքները շարունակել է Ծաղկաձորում, որտեղ քննարկվել են Սփյուռքի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, հայագիտական առարկաների դասավանդման և դաստիարակության, տարրական կրթության, Հայաստանի դասագրքերով աշխատող հայկական կրթօջախներում կրթության և դաստիարակության հիմնահարցերը, ինչպես նաև ներկայացվել են նոր, տպագիր և էլեկտրոնային  ուսումնական նյութեր:
Կից` խորհրդաժողովի մասնակիցների ցանկը, խորհրդաժողովի արդյունքում ընդունված հայտարարությունը և բանաձևը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։