Նախատեսվում է պաշտոնական այց ԻԻՀ

2010-04-22

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական  Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանին: Դեսպանը նախարարին փոխանցեց ԻԻՀ-ի գիտության և տեխնոլոգիաների նախարարի` Իրան այցելելու հրավերը: Նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, հույս հայտնեց, որ այցն օգտակար և արդյունավետ կլինի` կրթության ոլորտում հայ-իրանական  կապերի ամրապնդման և հետագա համագործակցության տեսանկյունից:

Ա. Աշոտյանը նշեց, որ հայկական պատվիրակության կազմում բացի նախարարության աշխատակիցներից, կլինեն նաև ՀՀ երկու խոշոր բուհերի ռեկտորներ, որը կխթանի նաև երկու երկրների միջև միջբուհական համագործակցությունը` ընդգծելով, որ հայտնի է, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Իրանի կառավարությունը բարձրագույն կրթության ոլորտին և երիտասարդների հետ տարվող աշխատանքներին: Այցի շրջանակում նախատեսված են Ա. Աշոտյանի այցելությունները Թեհրանի հայկական դպրոցներից մեկը, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ-ում սովորող  իրանցի ուսանողների ծնողների հետ: «Իրանն այն երկրներից է, որտեղ մեր ազգակիցների իրավունքները պաշտպանված են կրթության ոլորտում, և կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայկական կիրակնօրյա դպրոցներին»,-նշեց Ա. Աշոտյանը: Նա անդրադարձավ նաև նախատեսվող այցի ընթացքում արծարծվելիք բուհերի դիպլոմների փոխճանաչման խնդիրներին` նշելով, որ դեսպանի հնչեցրած երկուստեք մտահոգությունից հետո մի շարք քայլեր են արվել այդ ուղղությամբ, մասնավորապես, խստացվել են կրթության որակի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: «Կրթության որակի հետևողական բարձրացումը և ուսումնական գործընթացին նոր շունչ հաղորդելը հանդիսանում են մեր գերակա խնդիրը»,-նշեց նախարարը` հավելելով, որ այդ քայլերը տարերային բնույթ չունեն և քաղաքական հետևողականության արդյունք են:
Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ կառավարության կողմից դեսպանատան բարձրացրած խնդիրներին հետևողական և արդյունավետ արձագանքման վերաբերյալ` նշելով, որ իրենց մտահոգությունը միտված է եղել ուսման որակի բարձրացմանը: Անդրադառնալով հայկական դպրոցների խնդրին` դեսպանը նշեց, որ միայն Թեհրանում գործում է 24 հայկական դպրոց. նմանատիպ ուսումնական հաստատություններ գործում են ևաև Թավրիզում, Ուրմիայում, Սպահանում: Սեյիդ Ալի Սաղաիան ընդգծեց, որ Իրանի կառավարությունն իրավամբ մեծ ուշադրություն է դարձնում բարձրագույն կրթության ոլորտին. պատահական չէ, որ այսօր Իրանում սովորում է շուրջ 3 մլն ուսանող: 
Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև նախատեսվող այցի հետ կապված այլ մանրամասներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։