Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին նվիրված հատուկ դասը վարեցին երեք նախարարները
2010-04-21
ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախաձեռնությամբ այսօր Երևանի թիվ 62 դպրոցում կազմակերպվել էր հատուկ դաս` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին: 10-րդ դասարանի աշակերտների համար հատուկ դասը վարեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ նմանատիպ այցելությունները կարևորվում են ՀՀ կառավարության կողմից, և ՀՀ վարչապետը հորդորել է բոլոր նախարարներին` ավանդույթ դարձնել նախարարների` դպրոցական միջավայրի հետ ավելի անմիջական և պարբերական շփումը:
Հատուկ դասի շրջանակում նախ ցուցադրվեց «Հոգիների աճուրդ» ֆիլմը, որը հայերի ցեղասպանության վերաբերյալ նկարահանված առաջին գեղարվեստական կինոնկարն է` Մեծ Եղեռնը վերապրած մանկահասակ մի հայ աղջկա` Արշալույս (գրքում` Ավրորա) Մարտիկանյանի, անմիջական մասնակցությամբ: Ֆիլմը նկարահանվել է 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում, ռեժիսոր Օսկար Ափֆելի կողմից անմիջապես ցեղասպանությունից հետո` Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսած Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկի` «Հոշոտված Հայաստան» խորագիրը կրող գրքի հիման վրա: «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում և հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ) ամբողջ հասույթը տրամադրվել է Մերձավոր Արևելքում հավաքված 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը: «Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքում: Ընդհանուր առմամբ, ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Մեծ Բրիտանիայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել: Հետագայում ֆիլմն անհետացել է, և ավելի քան ութսուն տարի կինոպատմաբաններն անարդյունք փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի 9 մասերը: Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տևողությամբ, ցավոք, այսօր չի պահպանվել, և միայն 1994թ. արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում:
Աշակերտների հետ Ֆիլմը դիտելուց հետո երեք նախարարները տարբեր դասարաններում հատուկ դաս վարեցին Հայոց ցեղասպանության, ինչպես նաև պետության և հայրենասիրության գաղափարների շուրջ:
Արմեն Աշոտյանը, դիմելով աշակերտներին, նշեց, որ վերջիններս, հետևելով արդի զարգացումներին, տեղյակ են, որ հայ-թուրքական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որտեղ փորձ է կատարվում միասին գտնել ապագայի ճանապարհը: «Եվ այդ ճանապարհն անցյալի հաշվին չէ, և այդ անցյալն ուրանալու և մոռանալու մեջ չէ: Ժամանակն է, որ մեր հարևան պետությունը հասկանա այն պարզ իրողությունը, որ հասկացել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում և որ ճանաչել են բազում պետություններ և միջազգային կազմակերպություններ առ այն, որ մարդու կյանքը գերագույն արժեք է, իսկ մարդու հայրենիքն ազգի զարգացման և գոյատևման բնօրանն է: Մեր հատուկ դասի նպատակը և առաքելությունն է` ինչպես չմոռանալով անցյալը, լինելով հայրենասեր, իմանալով սեփական ժողովրդի պատմությունն ու մշակույթը` նայել դեպի ապագան»,-դիմելով դպրոցականներին` նշեց նախարարը և հավելեց, որ որպես երիտասարդ սերունդ` վերջիններս պետք է փորձեն հասկանալ մեր պետության զարգացումները և հարաբերությունները հարևանների հետ: «Այս ֆիլմը դիտելուց հետո դժվար է չլցվել ատելությամբ, սակայն այդ զգացմունքը մեզ բնորոշ չէ, և ատելությամբ ապագա կառուցել հնարավոր չէ: 1.5 միլիոն զոհերի հիշատակը կարելի է հավերժ պահել միայն մեկ ճանապարհով` դա մեր ազգի գոյատևման ապահովումն է և ուժեղ պետության կառուցումը; Ցեղասպանության ամենակարևոր դասը սեփական պետության և բանակի կայացումն է, և մեր գերագույն արժեքը մեր ազգային պետականությունն է: Ձեր մեջ ատելությունը պետք է վերափոխվի ուժի, անհանդուրժողականությունը` ապրելու և պետություն կառուցելու: Սա է ձեր` ապագա սերնդի, առաքելությունը»,-նշեց Ա. Աշոտյանը; Նախարարը նաև ընդգծեց, որ 21-դարում հայրենասիրություն հասկացողությունը քիչ այլ է. «Առաջին հերթին, իհարկե, այն հայրենիքը սիրելն է, բայց 21-րդ դարի իրողությունը ոչ միայն ամուր բազուկն է, այլ նաև սեփական միտքը: Երբ յուրաքանչյուրդ լինի հաջողակ մարդ և քաղաքացի, ձեր ընդհանուր հաջողությունների հանրագումարը կլինի ազգի հաջողությունը; Հայրենասիրության հաջորդ դրսևորումը սեփական հայրենիքը և ժողովուրդը պաշտպանելու ցանկությունն է` հանձինս ուժեղ բանակի: Մեզ պետք է միավորի մեկ ընդհանրություն` մենք բոլորս հայ ենք և ՀՀ քաղաքացիներ, և սա է այն գերակա ուժը յուրաքանչյուրիս մեջ, որով պետք է փոխհատուցենք 1.5 մլն ընդհատված կյանքերի չգոյությունը»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:
Հատուկ դասի ավարտին նախարարները պատասխանեցին նաև աշակերտների հարցերին:












