Բացվեց «Ուսուցումը Հայաստանում-2010» ցուցահանդեսը
2010-04-21
ՀՀ կառավարական առաջին շենքի նախասրահում այսօր բացվեց «Ուսուցումը Հայաստանում-2010» միջազգային ավանդական IX ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Expo Servise» կազմակերպությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 30 պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով ներկաներին` նախարարը նշեց, որ մեր երկրում գործող բոլոր ուսումնական հաստատություններին և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն հավասար մրցակցային պայմաններում ներկայացնել սեփական ձեռքներումները, այլև ծանոթանալ գործընկերների փորձին, կատարել ինքնագնահատում և նախանշել արդյունավետ համագործակցություն:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ նման ցուցահանդեսներն առանձնակի նշանակություն ունեն մեր շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման, նախասիրությունների ճշգրտման և առաջարկվող կրթական ծրագրերի ու ծառայությունների հիմնավորված ընտրության համար: Նախարարն իր խոսքում նշեց նաև, որ ժամանակակից միջոցներով, եղանակներով ու գործիքներով պետք է ՀՀ կրթական համակարգն առավել գրավիչ դարձնել ինչպես մեր, այնպես էլ օտարերկրյա ուսանողների համար` հիմքեր ստեղծելով համակարգի միջազգային հեղինակության բարձրացման և կրթության որակի ապահովման համար: Արմեն Աշոտյանը նշեց, որ ապագայում կրթությունը Հայաստանում դառնալու է մեր երկրի ավելի ընդգծված մրցակցային առավելություն թե հարևան երկրների, թե եվրոպական երկրների նկատմամբ: «Գիտելիքն այն արդյունքն է, որը կարելի է արտահանել անարգել, դրա համար մենք պետք է մեր կրթական հաստատությունների ծառայություններն առաջարկենք միջազգային կրթական շուկայում` ներգրավվելով առավել մեծ թվով արտասահմանյան շահառուներ»,-նշեց նախարարը:
Բացման պաշտոնական արարողությունից հետո նախարար Արմեն Աշոտյանը շրջեց ներկայացված բոլոր տաղավարներում, զրուցեց դասախոսների և ուսանողների, ինչպես նաև ցուցահանդես այցելած աշակերտների հետ:
Ցուցահանդեսի շրջանակում, որը շարունակվելու է մինչև ապրիլի 23-ը, նախատեսված է նաև հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների այցելությունների, կրթական թեմաներով քննարկումների ու սեմինարների կազմակերպում:












