Պաշտոնական այց Վրաստան

2010-04-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-17-ն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանի Հանրապետությունում: Այցի ողջ ընթացքում պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը: Այցի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության զարգացման հետ կապված մի շարք հարցեր: 

Նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորապես, անդրադարձել է Վրաստանի հայկական դպրոցների դասագրքերի խնդրին. առկա են նշված դասագրքերի` հայերեն թարգմանության որակի հետ կապված խնդիրներ, որի առնչությամբ Ա. Աշոտյանն առաջարկել է խմբագրական և սրբագրական աշխատանքներն իրականացնել ՀՀ-ում, որից հետո դասագրքերը տպագրել Վրաստանում: Բացի այդ, որպես նախասիրական ուսումնական գրականություն` նախարարն առաջարկել է տեղի հայկական դպրոցներին տրամադրել Հայաստանի դպրոցներում գործող «Հայ եկեղեցու պատմություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասագրքերը, որոնք նախապես կերաշխավորվեն Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից: Բացի այդ, նշված դպրոցներում առկա է նաև վրացերեն լեզվի որակյալ ուսուցման խնդիր: Վրացական կողմը հայտնել է, որ այս ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր, մասնավորապես, նշված դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ; Վրաստանի ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հայերով խիտ բնակեցված Վրաստանի երեք շրջաններում` Ախալքալաքում, Ախլցխայում և Նինոծմինդայում նախակրթարաններ բացել, որը հնարավորություն կտա հայ երեխաներին ավելի վաղ հասակից ինտեգրվել  և ստանալ համապատասխան կրթություն; Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին: Ա. Աշոտյանն առաջարկել է այս տարի այդ վերապատրաստումն անցկացնել Վրաստանի տարածքում, որին վրացական կոլեգան տվել է նախնական համաձայնություն, մասնավորապես, նշելով, որ իրենց մոտ իրականացվում են ուսուցիչների վերապատրաստման  և ատեստավորման կազմակերպչական   բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան մեկտեղել երկու ծրագրերն էլ: : Վերջինիս հետ կապված` Վրաստանի ԿԳ նախարարն այս հարցում խնդրել է հայկական կողմի աջակցությունը` համապատասխան թեստերի կազմման և գիտելիքների ստուգման տեսանկյունից: Հանրակրթության ոլորտում վրացական կողմին, մասնավորապես, հետաքրքրել է  Հայաստանում ավագ դպրոցների համակարգի ներդրման փորձը; Առաջարկ է հնչել դպրոցականների համատեղ օլիմպիադաների կազմակերպման և Վրաստանում անցկացվող ամառային ճամբարներում լավագույն հայ աշակերտների մասնակցության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել` Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում վրացական մշակույթի և լեզվի զարգացմանը նպաստող վրացերեն լեզվի ուսումնասիրման կենտրոն բացելու կապակցությամբ: Նախարար Ա. Աշոտյանն այս հարցում խնդրել է վրացական կողմի աջակցությունը` համապատասխան մասնագետների և ուսումնական ծրագրերի ապահովման տեսանկյունից: Կողմերը քննարկել են նաև կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության նոր հեռանկարներ. մասնավորապես, այս տարի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին բուհեր ընդունվելու առավելություններ են տրվել. դիմորդներն իրենց մայրենի լեզվով կհանձնեն ընդամենը մեկ քննություն: Նախարար Ա. Աշոտյանը վրացական կողմին խնդրել է իրեն տրամադրել համապատասխան վիճակագրական տվյալներ` նոր ընթացակարգով ընդունելության արդյունքում դիմորդների թվաքանակի և շարժի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսանողների շարժունության ապահովման և փոխանակման ծրագրերին. նախատեսվում է, որ տարեկան որոշակի թվով ուսանողներ կներգրավվեն փոխանակման ծրագրերում: Բացի վերոնշյալ հարցերից, հայկական կողմին առավելապես հետաքրքրել է Վրաստանում գիտական աստիճանաշնորհման գործընթացի բարեփոխումների ներկա վիճակը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել իրականացնել երկու երկրների բուհերի վարկանիշավորում` նշված գործընթացում պարտադիր ներգրավելով նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների` վերջիններիս օգնությամբ մշակելով համապատասխան չափորոշիչներ: Փորձի հաջող կիրառման դեպքում գործընթացը նախատեսվում է ներդնել ողջ տարածաշրջանում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է նաև ձեռքբերվել Երևանում և Թբիլիսիում համատեղ համաժողովներ, փոխայցեր, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու կապակցությամբ, որոնց ընթացքում համապատասխան փորձագետները կարող են տեղում ծանոթանալ նշված երկրների կրթական համակարգերին, հանդես գալ փորձի փոխանակմամբ և գտնել համագործակցության նոր եզրեր:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև տարածաշրջանի երեք երկրների կրթության և գիտությւան նախարարների` Բաթումիում համատեղ հանդիպման անցկացման հնարավորության հարցը:
Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Թբիլիսիի բժշկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են տվյալ բուհի փորձը, կրթական ծրագրերը և համագործակցությունը ԵՊԲՀ-ի հետ:
Այնուհետև նախարարն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ, լսել նրանց մտահոգությունները: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի ԿԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ` հայկական դպրոցներում դասագրքերի և այլ խնդիրների հետ կապված:
Նախարարի հաջորդ այցը Թբիլիսիի ոչ պետական հավատարմագրված «Ազատ համալսարան» էր:
Այցի երկրորդ օրը նախարարը եղել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում և հանդիպել Սրբազան տեր Վազգենի հետ: Ա. Աշոտյանն այցելել է նաև նաև Թբիլիսիի պետական համալսարան, ուր հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ  և պատասխանել նրանց հարցերին:
Այցի ավարտին ՀՀ ԿԳ նախարարը եղել է նաև Թբիլիսիի Հայ մեծերի պանթեոնում:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։