ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է
2010-04-19
Մի շարք զանգվածային լրատվամիջոցների, այդ թվում «Հայք», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ», «168 ժամ», «Հայկական ժամանակ», սույն թվականի ապրիլի 17-ի համարներում տեղ է գտել «Գեղագիտության ազգային կենտրոնին» պատկանող «Փոքր թատրոնի» դահլիճում գրող, հրապարակախոս Տ. Պասկևիչյանի «Ընտրություն» ֆիլմի ցուցադրության` ՀՀ կրթության և գիտության նախարարության արգելքի վերաբերյալ տեղեկատվություն, որի կապակցությամբ հայտնում ենք.
«Գեղագիտության ազգային կենտրոնը» փակ բաժնետիրական ընկերություն է, որի պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է:
Ընկերության կանոնադրության մեջ ամրագրված են գործունեության հիմնական տեսակները, որոնք միտված են գեղագիտության բնագավառում հետազոտական ու մեթոդական գործունեության իրականացմանը և արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատության կարգավիճակով լրացուցիչ կրթության ծավալմանը: Կանոնադրության 2.4 կետում նշված է, որ ընկերությունը կարող է իրականացնել նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեություն` այլ կազմակերպությունների հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ: Նշված ֆիլմի ցուցադրման համար բացակայել է համապատասխան պայմանագրային հիմքը, ինչի պատճառով էլ այդ միջոցառումը տեղի չի ունեցել, որի մասին տեղեկացվել է նաև հեղինակին:
Ինչ վերաբերում է կենտրոնի աշխատակազմի ներկայացուցչի հետ հեղինակի ձեռք բերած նախնական բանավոր պայմանավորվածությանը, նշենք, որ այն օրենքի շրջանակից դուրս է, և նման գործունեության ձևը հակասում է ՀՀ օրենսդրությանը: