Հոբելյանական միջոցառում Վանաձորում

2010-01-20

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հունվարի 20-ին հանդիսությամբ ամփոփվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, բուհերի ռեկտորներ և տարբեր տարիների շրջանավարտներ:
Նախարար Ա. Աշոտյանը, շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ, նշեց. «2010 թվականը լինելու է բարձրագույն կրթության համակարգի արմատական բարեփոխումների տարի. վերաարժևորելու ենք բարձրագույն ուսումնական հաստատություններում մեր ունեցած ձեռքբերումները, փորձելու ենք ազնիվ խոսել խնդիրների մասին, և համակարգի զարգացումը չդիտարկել միայն Բոլոնիայի հռչակագրի տրամաբանության շրջանակներում:Ցանկանում եմ, որպեսզի մեր բուհական համակարգը, այդ թվում և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, շարունակի պատրաստել ոչ միայն լավ մասնագետներ, այլև լավ քաղաքացիներ, ովքեր կունենան ընդհանուր արժեհամակարգ, ովքեր տոգորված կլինեն պետականության գիտակցումով: Ուզում եմ, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը դառնա Լոռու մարզում և հյուսիսային Հայաստանում կրթության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող առաջատարներից մեկը: Մաղթում եմ եռանդ, հավատ առ այն, որ գիտելիքն արժեք է, և որ կրթությունը վերադառնալու է` որպես բարեկեցության նախապայման»:
Ա. Աշոտյանն ընթերցեց  նաև ՀՀ վարչապետի հրամանը` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակի կապակցությամբ և կրթության և գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար մի շարք մարդկանց ,,ՀՀ Վարչապետի հուշամեդալով,, և շնորհակալագրով խրախուսելու մասին: Մի շարք աշխատակիցներ էլ արժանացան ՀՀ կրթության և գիտության նախարարության ,,Ոսկե հուշամեդալի,,, պատվոգրի և շնորհակալագրի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։