Մրցույթի հրավեր

2010-01-20

Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվեց «Բարձրագույն կրթության բարեփոխումներ` միջազգային համագործակցության միջոցով» Տեմպուս IV ծրագրի 3-րդ մրցույթին նվիրված տեղեկատվական օր, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների և հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ: Հանդիպման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ողջունեց նախարարի խորհրդական Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Նա նշեց, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը բոլոր միջազգային կազմակերպությունների հետ:

Բարձր գնահատելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերում Տեպուսի ներդրումը` նա նշեց, որ Տեմպուսը Եվրոպական Միության քաղաքականությունը կրթության ոլորտում իրականացնող մարմին է: «Նախարարությունը պատրաստ է ստանձնել որոշակի պատասխանատվություն այս գործընթացում` կարևորելով համագործակցությունը եվրոպական կառույցների հետ,  և այսուհետ փորձելու է առավել ճկուն և արդյունավետ աշխատանք ծավալել այս ուղղությամբ»,-նշեց Ա. Տեր-Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ, ի տարբերություն 2009 թվականին արձանագրված երեք առաջնահերթությունների, այս տարի դրանց թիվն ավելացել է` հասնելով ութի:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ԵՊՀ ոսւումնական գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Վերջինս անդրադարձավ կրթության զարգացմանը միտված ազգային որակավորումների շրջանակին, միջազգային ինտեգրման գործընթացին աջակցող կրթական ծրագրերին, համապատասխան գնահատման միջոցներին, կրթության որակի չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին առնչվող այլ խնդիրների:
Տեմպուս IV ծրագրի 3-րդ մրցույթի հրավերի մանրամասները  և բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ ծրագրերը ներկայացրեց ԵՄ կրթության, տեսաձայնային և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Ֆրանց Ստեյդլերը:
Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի համար Տեմպուս ծրագրի առաջնահերթությունները: Նա նշեց, որ ծրագրին մասնակցում է 54 երկիր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առաջնահերթությունները: Ծրագիրը տարբերակվում է երեք ուղղությամբ` բարեփոխումներ և ուսումնական ծրագրերի վերանայում, համալսարանների կառավարում, բարձրագույն կրթություն և հասարակություն: Տեմպուս ծրագիրը հայաստանյան բուհերին հնարավորություն է տալիս համագործակցել եվրոպական համալսարանների հետ, այսինքն` այն 2-3 տարի տևողությամբ համագործակցության հրավերի մրցույթ է, որը կարող է ներառել նաև տարածաշրջանային ծրագրերը:
Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին նաև մասնակիցների հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։