Նոր շունչ միջին մասնագիտական կրթական համակարգին
2010-01-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռ. Լուցենբերգերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խնդիրներ: Նախարարը հույս հայտնեց, որ այս տարի ևս շարունակվելու են աշխատանքները բոլոր այն ուղղություններով, որոնք որդեգրվել են տարիներ առաջ:
Ամփոփելով համագործակցության շրջանակում 2007-2009թթ.-ին իրականացված ծրագրերը` նախարարը նշեց. «Եվրամիության աջակցությունը հնարավորություն տվեց նոր շունչ հաղորդել նախնական և միջին մասնագիտական ոլորտին, որը տարիներ շարունակ եղել է ուշադրությունից դուրս: Իրականացված ծրագրի արդյունավետության դրսևորում կարող ենք համարել նաև այն, որ 2009-2010 ուսումնական տարում միջին մասնագիտական կրթօջախներում ընդունելության մրցույթի արդյունքում լրացվել են բոլոր թափուր տեղերը: Ըստ այդմ, ծրագիրը լիարժեք հիմքեր է ստեղծում նոր նախագծերի իրականացման համար»: Հանդիպման ընթացքում նախարարը և դեսպանը քննարկեցին նաև իրականացված ծրագրի արդյունավետության բարձրացմանը խոչընդոտող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ցկյանս կրթության հայեցակարգին», որը ենթադրում է աշխատաշուկայի պահանջներից բխող մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում: Այդ խնդիրների լուծման համար էլ նախարարությունում նախատեսվում է ստեղծել նոր ստորաբաժանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև իրականացված ծրագրի հանրային իրազեկման խնդիրներին: Պայմանավորվածություն ձեռքբերվեց մոտակա ժամանակահատվածում կազմակերպել համատեղ այցելություն միջին մասնագիտական կրթօջախներից մեկը, որի լուսաբանումը հանրությանը հնարավորություն կտա ծանոթանալ և գնահատել այն հսկայածավալ աշխատանքները, որոնք իրականացվել են ոլորտում:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ինչպես ԵՄ-ՀՀ ինտեգրմանը, այնպես էլ առանձին երկրների հետ համագործակցության ընդլայնմանն աջակցելու համար և տեղեկացրեց, որ հունվարի վերջին կստորագրվի կրթության, արվեստի և մշակութի բնագավառում համգործակցության մասին փոխըմբռնման հուշագիր Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների միջև:












