Բաց դաս` Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին

2010-01-18

Լրացավ Բաքվում տեղի ունեցած ողբերգության` հայերի ջարդի 20 տարին: Այդ նպատակով հունվարի 13-19-ը ՀՀ միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել է բաց դաս` նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Դասի կազմակերպման համար մշակվել են մեթոդական ցուցումներ:  Դասի նպատակն է ծանոթությունը տարածաշրջանի նորագույն պատմության ողբերգական էջերից մեկի հետ, որի ընթացքում դպրոցականներին կտրամադրվի Բաքվում տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկատվություն:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար այսօր բաց դասը վարում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վ. Հովհաննիսյանը: Նախարարը 11-րդ դասարանցիներին ծանոթացրեց Բաքվում հայերի` դեռ նախորդ դարի սկզբում  ծավալած գործունեությանը և նրանց դերակատարությանը: «Այսօր սերունդներ են գալիս, որ մեր նորագույն պատմության մի հատված լսել են ականատեսներից: Մենք պարտավոր ենք այդ պատմության էջերը դարձնել մեր աճող սերնդի սեփականությունը` որպես մտահոգություն և ցավ սեփական երկրի և պետության ապագայի նկատմամբ: Սա քաղաքացիական և սերունդների միջև երկխոսության հնարավորություն է, որովհետև մեր երեխաները պետք է իմանան իրենց ժողովրդի բոլոր էջերը, ճիշտ հետևություն կատարեն այդ ամենից, որովհետև շուտով իրենց ուսերի վրա է մնալու մեր պետության ապագայի կերտումը,-դիմելով աշակերտներին` նշեց նախարարը:-Բաքվի ջարդերի 20-ամյակի առիթով  մենք այսօր ձեզ հետ կփորձենք խոսել առհասարակ ցեղասպանությունների, մեր ժողովրդի անցյալի, ապագայի, և նաև այն մասին, թե ինչպես ճիշտ հետևություններ անել մեր նորագույն պատմության  ամենաարյունոտ էջերի մասին, ինչպես անել, որ մեր ժողովուրդն այլևս 21-րդ դարում որևէ ջարդի, կոտորածի, առավել ևս ցեղասպանության չենթարկվի, ինչպես անել, որ մեր սերունդը, ձեր սերունդը, որը մի քանի տարի հետո ստանալու է «կյանքի ուղեգիր», դառնալով ՀՀ լիիրավ քաղաքացի, իր վրա կրի  մեր պետականության, մեր ժողովրդի ճակատագրի ապագա պատասխանատվությունը»:
Նախարարը դպրոցականներին հորդորեց տանը` ոչ դասերի հաշվին, մի կարճ ժամանակ հատկացնել այս թեմայով տեղեկատվության որոնմանը, զգալ և հասկանալ այն` չունենալով ատելություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ:
Աշակերտներին հիմնականում հետաքրքրում էր ադրբեջանական կայքերում հաճախ հանդիպող ապատեղեկատվության տարածման դեմ ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Նախարարը նշեց, որ, այսօր, իրոք, տեղեկատվական պայքար է ընթանում, և միայն վերջերս է, որ հայկական կողմն ավելի նախաձեռնողական է,  սպառիչ, բազմալեզու և համոզիչ այս խնդրում:
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վ. Հովհաննիսյանը, ավարտելով 10-րդցիների բաց դասը, կարևորեց ՀՀ կրթության և գիտության նախարարության այս նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ նման միջոցառումները դպրոցներում պարբերական կլինեն և պատրաստակամություն հայտնեց մշտապես մասնակցել  դրանց:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։