Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական և միասնական (2010 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2009-2010 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է`
3x4 չափի լուսանկար,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
«ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2010 թվականի մարտի 15-ն է:
«Գնահատման և թեստավորման կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ, ք. Երեւան, Այգեստան 9/4
հեռ. 559431
e-mail:press@atc.am
Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից հանձնելու են միասնական քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատություններում /ցանկը կցվում է/: