Ինտելեկտի քարոզ

2010-01-18

Երևանի «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» ակումբը, «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, կազմակերպել էր «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը: Մրցաշարի նպատակն էր խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում: Նշենք, որ վերջին տարիներին ինտելեկտուալ շարժումը գտնվում է ՀՀ կառավարության և անձամբ ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում:

Մրցաշարին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, տարածքային կառավարման, քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի, էկոնոմիկայի, առողջապահության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների` պետական գույքի կառավարման վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ոստիկանության և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թիմերը: Մրցաշարի համակարգողը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն էր:
Մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչվեց ՀՀ ֆինանսների նախարարության թիմը, երկրորդ տեղը գրավեց ՀՀ էկոնոմիկայի, իսկ երրորդը` պետական գույքի կառավարման վարչության թիմը: Լավագույն գիտակ ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմի անդամ Համբարձում Քաղկեցյանը:
Մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին գավաթներով և պատվոգրերով:
ՀՀ վարչապետը, շնորհավորելով հաղթող թիմին, նշեց, որ այս ինտելեկտուալ խաղում հաղթանակը ոգևորիչ կլինի ողջ կոլեկտիվի համար. «Իրականում ձեր աշխատանքն ինտելեկտուալ աշխատանք է, և  սա նաև ազդակ է մեր հասարակությանը, որ մեր ֆինանսների նախարարությունը պատրաստ է նոր մարտահրավերների, և կան ինտելեկտուալներ, որոնք կգտնեն լավագույն լուծումները ճգնաժամային իրավիճակներում, երբ անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, հնարամտություն, որովհետև ճգնաժամային իրավիճակները ենթադրում են, որ բոլոր օրինաչափությունները խախտված են,  և անհրաժեշտ են օրիգինալ, ոչ ստանդարտ լուծումներ, և դա մեզ ոգևորում է»,-նշեց վարչապետը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մրցաշարի նպատակը Հայաստանում ինտելեկտի քարոզն է, դրա վերագնահատումը և, վերջապես,  ինտելեկտուալ շարժմանը լրացուցիչ զարկ տալը: «Ե’վ որպես նախարար, և’ որպես քաղաքացի, ես շատ կցանկանայի, որ ինտելեկտը վերադառնա մեր հասարակություն որպես արժեք, ու խելացի մարդկանց մեր կողքին մենք ճանաչենք, հարգենք և նրանցից սովորենք»,-նշեց նախարարը:  Անդրադառնալով պարգևներին` նախարարը նշեց, որ առաջինը վարչապետի գավաթն է, երկրորդն ու երրորդը` խրախուսական գավաթներ: «Ինչպես յուրաքանչյուր  գիտելիքահենք մրցույթի ժամանակ, այս մրցաշարի ընթացքում ևս լավագույն նվերը գիրքն է: Մեր երկրում  որպես լավագույն նվեր պետք է վերադառնա գիրքը և գիրքը լինելու է այսօր մեր ամենաինտելեկտուալ և ամենազարգացած քաղծառայողի խրախուսման միակ բացառիկ միջոցը»,-նշեց Ա. Աշոտյանը:
Մրցաշարը նախատեսվում է դարձնել ավանդական, ինչպես նաև կազմակերպել ներգերատեսչական մրցաշարեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։