Մեծ ներուժ`համագործակցության զարգացման համար

2011-01-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ուկրաինական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես ամրագրված են 1999թ. ստորագրված «ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կրթության բնագավառում համագործակցության մասին»  և 2001թ. «ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կրթության և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխճանաչման և համարժեքության մասին» համաձայնագրերում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Տերնոպոլի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Ուկրաինայում գործող հայկական դպրոցների հետ կապված հարցերին:

Ողջունելով հյուրին նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ կրթության  և գիտության բնագավառում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ, մասնավորապես ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակում մի շարք պետությունների, այդ թվում նաև Հայաստանի և Ուկրաինայի կրթական համակարգերի համար լուրջ հիմնախնդիր է ուսանողների շարժունության ապահովումը, որը հնարավոր է իրականացնել համատեղ ջանքերով:  «Կրթության ոլորտում մենք կարող ենք լուրջ  ձեռքբերումներ ունենալ և նախարարությունը կխրախուսի ուսանողների և դասախոսների փոխանակման, ինչպես նաև երկկողմ կրթաթոշակների տրամադրման հետ կապված ծրագրերը»,-նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի կրթական օրենսդրությունը հնարավորություն է տալիս բուհերին, ակադեմիական ազատությունների շրջանակում, ընդլայնել համագործակցությունն այլ երկրների բուհերի հետ: Անդրադառնալով Տերնոպոլի համալսարանի Երևանի մասնաճյուղին, նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարությունն իրականացնում է կրթության որակի ապահովման ու բոլորի համար, անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքային քաղաքականություն:
 Դեսպանը, կարևորելով հայ-ուկրաինական դարավոր բարեկամությունը, նշել է, որ այսօր համագործակցությունը շարունակվում է բարձր` միջկառավարական և միջխորհրդարանական  մակարդակներում: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ այս տարի նախատեսված են բարձր մակարդակով մի շարք փոխայցելություններ, որոնք կարող են նոր թափ հաղորդել հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանը նաև գիտակրթական բնագավառում: Կարևորելով հայ համայնքի գործունեությունը` դեսպանը նշել է, որ Ուկրաինայում ավելի քան 300 հազար հայեր են ապրում, ովքեր լուրջ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ և 10 հանրակրթական դպրոցներում էլ դասավանդվում է «Հայոց լեզու» առարկան:
Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունը սփյուռքի կրթօջախներին աջակցում է դասագրքերի և ուսումնական նյութերի տրամադրման հարցում, ինչպես նաև պարբերաբար իրականացնում է ուսուցիչների վերապատրաստումներ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։