Բաց թողնված դասերը կլրացվեն

2010-01-12

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանն այսօր հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում: Ասուլիսի թեման էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի վերսկսումը: Ն. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու պատճառով բաց թողնված դասաժամերը լրացվելու են` համաձայն մշակված աշխատակարգի, ըստ որի հանրակրթական ուսումնական հաստատությունների /անկախ կազմակերպական-իրավական ձևից/ բոլոր դասարաններում

/սկսած առաջին դասարանից/ ուսումնական պարապմունքները սկսվել են 2010թ. հունվարի 11-ից: Համաձայն մարզերից ստացված տեղեկատվության` հունվարի 11-ի դրությամբ բացակայությունների թիվը հանրապետության դպրոցներում կազմել է շուրջ 10 տոկոս: Վարչության պետը տեղեկացրեց, որ բոլոր դասարաններում /բացառությամբ առաջին դասարանի/ աշակերտների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականները կնշանակվեն` համաձայն նախօրոք տրված «Մեթոդական ցուցումներ»-ի, իսկ առաջին կիսամյակի վերջին օր կհամարվի 2010թ. հունվարի 30-ը: Նա նաև հավելեց, որ համաձայն աշխատակարգի` I դասարանցիների համար գարնանային արձակուրդ  է սահմանվել 2010թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ, իսկ II դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը  լրացնելու համար: III-ից XI դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար: III-ից XI դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը կլրացվի. 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` շարժական դասացուցակով աշխատելով նաև շաբաթ օրերին, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` գործող դասացուցակում ավելացնելով լրացուցիչ ժամեր:
Ասուլիսի ընթացքում Ն. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հունվարի 13-19-ը հանրապետության դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար «Պատմություն» առարկայի դասաժամի հաշվին անցկացվող մեկ դասին` նվիրված 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը` հայերի ջարդերի 20-ամյակին: Այդ դասի մեթոդական ուղեցույցը տրամադրվել է դպրոցներին` դասը կազմակերպելու համար:
Ն. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև 2010 թվականին կրթության ոլորտի գերակա խնդիրներից երկուսին` ավագ դպրոցների ցանցի ընդլայնմանը /ներկայումս գործում է 48 ավագ դպրոց. մյուս տարի նախատեսվում է ցանցն ընդլայնել ևս 50-ով/ և նախադպրոցական ոլորտի ռազմավարական ծրագրին, որի շրջանակում հաջորդ տարի Համաշխարհային բանկի աջակցությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություններ չունեցող շուրջ 30 համայնքում ստեղծվելու են նախադպրոցական դասարաններ. ծրագիրն այսօր գործում է շուրջ 22 համայնքում:
Ասուլիսի ավարտին Ն. Հովհաննիսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից բխող նորմատիվ ակտերի մշակման, դասագրքերի որակի, դպրոցական լաբորատորիաների հագեցվածության, դպրոցներում ինտերնետային կապի ապահովման, դպրոցների ջեռուցման և այլ խնդիրներին: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։