Գիտելիքի խրախուսում. նախարարն ընդունեց օլիմպիականներին
2009-12-28
2009 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և թիմերի ղեկավարներին այսօր ընդունեց և պարգևներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հայաստանի թիմերն ավանդաբար մասնակցում են տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներին և հիմնականում հասնում հաջողության: Այս տարի միջազգային օլիմպիադաներին Հայաստանը մասնակցել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն և ինֆորմատիկա առարկաներից. վեց առարկաներից չորսում հայ աշակերտները ստացել են մրցանակներ:
«Այս տարի ոչ միայն մարզական, մշակութային, այլ նաև կրթական հաջողությունների տարի էր, որովհետև անկախ այն հանգամանքից, թե ինչ խնդիրներ ունի այսօր մեր դպրոցը, և հասարակությունն ինչ աստիճանի է ընդունում այն, փաստ է, որ հայկական դպրոցն աշխատում է և տալիս է արդյունք: Այն ունի ավանդույթներ, որոնք պահպանվել են, և մեր ազգի ինտելեկտուալ ներուժը մարմնավորված է ոչ միայն ակադեմիկոսների, պրոֆեսորների, այլ նաև լայն հասարակությանն անհայտ, բայց արդեն իրենց ինտելեկտի փայլատակումով մեր հանրապետությանը բերկրանք պարգևող ուսանողների և դպրոցականների մեջ»,-նշեց նախարարը և հավելեց, որ նախարարությունը հաջորդ տարի պատրաստվում է վերանայել օլիմպիադաների կազմակերպման ռազմավարությունը: «Կարծում եմ, որ առարկայական օլիմպիադաները պակաս կարևոր չեն, քան օլիմպիական և համաշխարհային մարզական խաղերը, և մենք նույն ջանասիրությամբ պետք է պատրաստենք Հայաստանը ներկայացնող թիմերը: Մենք ունենք հրաշալի տեսական գիտելիքներ, բայց պրակտիկ հմտությունների և կարողությունների պակաս, ինչը գալիս է մեր դպրոցի նյութատեխնիկական բազայի սահմանափակ լինելուց: Ռեկտորների խորհրդի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բուհերի լաբորատոր բազաների և ուսումնաօժանդակ այլ կառույցների տրամադրման հարցում: Հուսով եմ, որ հաջորդ տարի մեր օլիմպիական թիմը կունենա լավագույն պայմանները` ավելի լիարժեք պատրաստվելու համար: Համոզված եմ, որ ավելի համակարգված աշխատելու դեպքում մենք կունենանք ավելի լայն հնարավորություններ և բարձր մրցանակներ»,-փաստեց Ա. Աշոտյանը: Անդրադառնալով պարգևներին` նախարարն ընդգծեց, որ 21-րդ դարում ինֆորմացիայի որոնման գործիքը դեռևս համակարգիչն է. «Գուցե մեր աշակերտներն այնքան հաջողություն ունենան, որ ստեղծեն ինֆորմացիայի ստեղծման և որոնման այլ գործիքներ և տարիներ անց դրանց հեղինակային իրավունքները բերեն Հայաստան, բայց այս պահին համակարգչից ավելի ունիվերսալ գիտելիք փոխանցող գործիք մարդկությունը չունի»,-նշեց նախարարը:
Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած աշակերտները ստացան համակարգիչներ, իսկ թիմերի ղեկավարները և դասավանդող ուսուցիչները` դրամական պարգևներ: