Դաստիարակությունը` որպես համալիր գործընթաց
2009-12-24
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված անչափահասների սեռական դաստիարակության խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՀՀ դատախազության, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է նոր մեխանիզմներ մշակել խոցելի խմբերում ընդգրկված երեխաների պաշտպանության և հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
Համաձայն ՀՀ դատախազության տվյալների` սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից տուժած հիմնական խավը անչափահասներ են. 63 տուժողներից 50-ը կամ 79 %-ը անչափահաս են: Ըստ փորձագետների` հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններից է նաև անչափահասների անբավարար սեռական, բարոյական դաստիարակությունը թե տանը, թե ուսումնական հաստատություններում:
Դատախազության աշխատակիցները նշեցին, որ հանցագործություն կատարած անչափահասները հիմնականում 13-14 տարեկաններ են, մինչդեռ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2008-09 ուստարում ներդրված և աշակերտների սեռական դաստիարակությանն ուղղված «Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդվում է 8-9-րդ դասարաններում: Մասնակիցները հիմնականում գտնում էին, որ դպրոցում իրազեկվածության բարձրացման և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված աշխատանքը պետք է սկսել ավելի վաղ տարիքից` հաշվի առնելով ժամանակակից արագ զարգացումները: Այս համատեքստում քննարկվեցին հանրակրթական դպրոցներում որոշ առարկաների գծով թեմատիկ ընդգրկվածության մեծացման, դասաժամերի ավելացման, համապատասխան մասնագետների վերապատրաստման հարցեր: Անդրադառնալով վերջին խնդրին` ԿԳ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այդ նպատակով վերապատրաստվել են շուրջ 1800 ուսուցիչ և դասախոս, որոնց տրամադրվել են համապատասխան կրթական նյութեր` շարունակական ծրագրի իրականացման համար: Հանրակրթության պատասխանատուները նշեցին, որ ներկայումս մշակվում է «Դաստիարակության հայեցակարգը», որում անպայման անդրադարձ կկատարվի նաև երեխաների սեռական դաստիարակության խնդիրներին: Հանդիպման մասնակիցները մտահոգված էին նաև հատուկ դպրոցներում տիրող իրավիճակով` հաշվի առնելով խոցելի խմբում ընդգրկված աշակերտների իրազեկվածության ցածր մակարդակը: Ներկաներին տեղեկացվեց, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով ձևավորվել է հասարակական դիտորդների խումբ, որը համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը և համապատասխան առաջարկությունները կարող է ներկայացնել ինչպես նախարարություն, այնպես էլ հասարակությանը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև սեռական դաստիարակության հարցերում հասարակական վերաբերմունքի փոփոխության, հակազդեցությունների նվազման, ծնող-դպրոց կապի ամրապնդման և շատ այլ հարցերի:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց կատարել համապատասխան ուսումնասիրություններ` նշված հարցերի շուրջ: