Անբավարար գնահատականով այլևս ուսանող չեն դառնա

2009-12-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր հանդիպեց «Հավատարմագրված բուհերի միություն» հասարակական կազմակերպության անդամներին` ոչ պետական բուհերի ռեկտորներին: Վերջիններս նախարարին առաջարկություններ էին ներկայացրել առկա խնդիրների, միասնական ընդունելության քննությունների, լիցենզիայի նոր կարգի, բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան համակարգի վերաբերյալ: Ողջունելով ոչ պետական հավատարմագրված բուհերում ևս ընդունելությունը միասնական քննությունների արդյունքներով անցկացնելու վերաբերյալ կազմակերպության առաջարկը, նախարարը նշեց, որ այդ գործընթացը կիրականացվի 2011 թվականից:

Արվեստի ոչ պետական բուհերում ընդունելության քննությունները կանցկացվեն պետական բուհերի ընդունելության կարգով: Նախարարը նշեց նաև, որ ոչ պետական բուհերում ընդունելությունը կլինի միանվագ, և լրացուցիչ ընդունելություն չի կատարվի: «Միասնական քննություններից անբավարար ստացած շրջանավարտը չի կարող դառնալ ուսանող»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով ոչ պետական բուհերի թվին` նախարարը նշեց, որ պետությունը բարձրացնում է բարձրագույն մասնագիտական կրթության որակի նկատմամբ պահանջները: Լիցենզավորման համապատասխան պայմաններ ապահովելու համար խստացվել են ներկայացվող պահանջները, և տրված ժամկետները լրանալուց հետո ստուգումներ կիրականացվեն բուհերում: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում կկասեցվեն բուհերի կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիաները: Նախատեսվող գործընթացը միտված է ոչ պետական բուհերի խոշորացմանն ու կայացմանը, կրթության ոլորտում առողջ մրցակցության ապահովմանը:
Նախարարը տեղեկացրեց, որ հասարակությանը թյուր տեղեկություններից զերծ պահելու նպատակով,  հաջորդ տարի առանց նախարարության համապատասխան համաձայնության բուհերի գովազդային հոլովակներն ու պաստառները չեն տարածվի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ ոլորտին առնչվող հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։