Ուսանողների շահերը` առաջնային
2009-12-23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աջալ-Կումար Մալիորային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայբուսակ» համալսարանում օտարերկրյա, մասնավորապես, հնդիկ ուսանողների ուսումնառութան խնդիրները: Նախարարը դեսպանին տեղեկացրեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ մերժել է «Հայբուսակ» համալսարանում օտարերկրյա ուսանողներին անգլերեն լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվությունը, քանի որ վերոնշյալ բուհը չի համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական կրթություն իրականացնելու նվազագույն չափորոշիչներին:
Ա. Աշոտյանը նշեց, որ օտարերկրյա ուսանողների շահերի պաշտպանության նպատակով` նախարարությունը դեռևս մեկ ամիս առաջ է բարձրաձայնել խնդիրը դեսպանի հետ հանդիպման ընթացքում: «Մենք անելու ենք հնարավորը, որ բարձրագույն կրթության ոլորտում որակի հսկողության խստացումը չսահմանափակի օտարերկրյա ուսանողների շահերը. ընդհակառակը, այս որոշմամբ պաշտպանվելու են ուսանողների շահերը և նրանց հնարավորություն է տրվելու ուսումը շարունակել»,-նշեց Ա. Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ բուհում սովորող օտարերկրյա ուսանողներին թույլատրվել է շարունակել ուսումը մինչև առաջին կիսամյակի ավարտը, որից հետո նրանց հնարավորություն կտրվի սահմանված կարգով տեղափոխվել օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական մեկ այլ բարձագույն ուսումնական հաստատության նույն կուրս՝ ուսման նույն վարձավճարով:
Դեսպանը նշեց, որ լիովին համաձայն է ՀՀ կառավարության կողմից կրթության ոլորտում որակի բարձրացմանն ուղղված գործընթացներին, սակայն մտահոգ է հնդիկ ուսանողների հետագա ուսումնառության հարցով: Նա խնդրեց նախարարին հնարավորության դեպքում ընդառաջել վերջին կուրսի ուսանողներին` տվյալ բուհում ուսումը շարունակելու և ավարտելու, քանի որ առկա են հոգեբանական որոշակի խնդիրներ:
Ի պատասխան` Ա. Աշոտյանը նշեց, որ դեսպանատան գրավոր միջնորդության դեպքում նախարարությունը կքննարկի ավարտական կուրսի ուսանողների խնդիրը:
Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին և ողջ հնդիկ ժողովրդին գալիք նոր տարում մաղթեց ամենայն բարիք: