2009 թվականի գործունեության ամփոփում

2009-12-22

ՀՀ կրթության և գիտության նախարարության 2009 թվականի գործունեությունն այսօր ամփոփեց նախարար Արմեն Աշոտյանը: Խոսելով տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքների մասին` Ա.Աշոտյանը կարևորեց այն փաստը, որ նախարարությունը 2009 թվականին գրեթե անփոփոխ իրականացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: Անդրադառնալով նախադպրոցական կրթությանը` նախարարը նշեց, որ  փորձ է արվել լուծումներ տալ տարիներ ի վեր կուտակված խնդիրներին:

«Այս տարի Համաշխարհային բանկի առաջին վարկային ծրագրի միջոցներով 22 համայնքում փորձարարական ծրագիր է իրականացվել և առաջիկա 4 տարիներին ծրագիրը տարածվելու է նաև 143 համայնքների վրա, որոնք չունեն նախադպրոցական հաստատություններ»: Արմեն Աշոտյանը կարևորեց նախադպրոցական ոլորտի հատկացումները` նշելով, որ այդ դեպքում պետությունը նաև պահանջատեր կարող է լինել:
Նախարարը, ամփոփելով հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքները, նշեց, որ մանկավարժական կրթությունը կարևորվում է որպես բարձրագույն կրթություն, բայց այն շատ ավելի կարևոր է որպես գիտելիքի, հանրակրթության հիմքն ապահովող գործընթացներին որակ ապահովող կրթություն: Նա նշեց, որ խոսքն առաջին հերթին բարձրլեռնային, սահմանամերձ և լեռնային շրջանների գյուղերի ուսումնական հաստատությունների մասնագետներին նպատակային կրթություն ապահովելու մասին է, սակայն հավելեց, որ տվյալներն այնքան էլ գոհացնող չեն: Ընդ որում, մասնագետների ամենամեծ պակասը եղել է Գեղարքունիքում, Վայոց Ձորում ու Արագածոտնում, սակայն նպատակային ընդունելությամբ պետության հաշվին կրթություն ստացածների և աշխատանքի տեղավորվածների քանակի համեմատությամբ բացահայտվում է, որ շրջանավարտների շուրջ 1/3-ը չի վերադարձել իր մարզը:
Նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև 2009 թվականին Սփյուռքի հետ ունեցած համագործակցությանը` նշելով, որ անցնող տարվա ընթացքում ավելի քան 74 հազար միավոր ուսումնական գրականություն է առաքվել Սփյուռքի 41 երկիր: «Հաջորդ տարի մենք աշխարհին և տեխնոլոգիաներին ավելի համահունչ պետք է աշխատենք, պետության կողմից տրամադրվող գումարներով ծածկենք ավելի մեծ կրթական տարածք Սփյուռքում: Այս համատեքստում մենք 2010 թվականին փորձելու ենք օգտագործել նաև էլեկտրոնային գրականության ընձեռած հնարավորությունները՝ համապատասխան գրականությունը տրամադրելով նաև ինտերնետի միջոցով»:
Ամփոփելով նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության և գիտության ոլորտներում իրականացված աշխատանքները` նախարարը նշեց. «Կրթության ոլորտի բարեփոխումները հասկանալու համար պետք է երկար ժամանակ: Մի կողմից կրթությունը ոլորտ է, որը պետք է արագ բարեփոխվի. գիտելիքը, տնտեսությունը աշխարհում արագ զարգանում են, և կրթության առջև կանգնած է սրընթաց բարփոխումների և արդիականացման  խնդիր: Մյուս կողմից` կրթության համակարգը բավական պահպանողական  ոլորտ է, և այստեղ ցանկացած նորամուծություն դժվար է արմատ տալիս: Այդ պատճառով դժվար է գնահատել արդյունավետությունը կարճաժամկետ կտրվածքում»-նշեց նախարարը;
Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավոր բուհերին, դասագրքերի փորձաքննությանը, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացի դադարեցմանը, 2011 թվականին շրջանավարտներ չունենալու խնդրին և այլն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։