Դաստիարակությունը` որպես համալիր գործունեության ոլորտ
2009-12-19
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորեց աճող սերնդի արժեքային համակարգի ձևավորման հիմնախնդիրը, որում հիմնասյուներ պետք է դիտարկել լեզուն, եկեղեցին, բանակն ու Արցախը: «Վաղվա քաղաքացու ձևավորումը բարդ խնդիր է, իսկ բարդ խնդիրները երբեք պարզ լուծումներ չունեն»,- նշեց նախարարը:
Զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության պետ, գեներալ-մայոր Վ.Ավետիսյանը, ով անդրադարձավ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ուղղությամբ 2009 թվականին ՊՆ իրականացրած միջոցառումներին, ՊՆ-ի աջակցությամբ ՀԿ-ների իրականացրած ծրագրերին, դպրոցներում կազմակերպված ռազմամարզական խաղերին և այլ թեմաների, ինչպես նաև ներկայացրեց 2010 թ-ին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչանը, իր զեկույցում անդրադառնալով ՆԶՊ և ֆիզիկական կուլտուրա առարկաների դասավանդմանը, նշեց, որ դաստիարակությունը հիմնականում որպես համալիր գործընթաց՝ պետք է դիտարկել ոչ կաղապարված եղանակների և մեթոդների շրջանակում:
Ելույթներով ու զեկույցներով հանդես եկան նաև այլ կառույցների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրին իրենց կողմից իրականացված միջոցառումները, տեսակետներ հայտնեցին ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների լուծման ուղղությամբ առաջիկայում կատարվելիք աշխատանքների առնչությամբ:
Միջոցառման ընթացքում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար մի խումբ ԶՈՒ սպաներ, զինղեկներ, ԿԳՆ-ի, ՀՀ ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներ և այլք պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով ու արժեքավոր նվերներով: